Սիմեոնե. «Բախտավոր եմ, որ մարզում եմ «Ատլետիկոն»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումից ստացած տպավորություններով։ Երեկ «Ատլետիկոն» սեփական հարկի տակ անցկացրած խաղում 1։0 հաշվով առավելության է հասել մյունխենյան գրանդի նկատմամբ՝ շնորհիվ Կարրասկոյի խփած գոլի։
«Բախտավոր եմ, որ մարզում եմ «Ատլետիկոն»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Ֆուտբոլիստները խաղում են հսկայական կրքով և պատասխանատվություն են զգում, իսկ դրան հասնելը շատ դժվար է։ Այսօր ինձ ամեն ինչ դուր եկավ։ Լավ էինք պրեսինգի ենթարկում մրցակցին, իսկ երբ ստիպված էինք մի փոքր նստել պաշտպանությունում, հիանալի հակագրոհներ էինք կազմակերպում։
Բարձր ինտենսիվություն ցուցադրեցինք ողջ 90 րոպեի ընթացքում։ Սա «Ատլետիկոյի» լավագույն ցուցանիշներից մեկն է այն ամբողջ ժամանակահատվածում, ինչ այստեղ եմ։ Մեր գոլն այն բանի գերազանց ցուցադրումն է, թե ինչպես ենք կարողանում հակագրոհել։ Շատ տպավորված եմ, թե թիմն ինչպես կատարեց մարտավարական առաջադրանքը»։
Ավելացնենք, որ «Ատլետիկոն» տոնեց երկրորդ հաղթանակը և այժմ 6 միավորով գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա