Փաստաբանը բողոքարկել է Պերմյակովի դատավճիռը
Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վաելրի Պերմյակովի փաստաբանը բողոքարկել է իր պաշտպանյալի վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը:
Վերջինը բողոքարկել է հայ-թուրքական սահմանը ապօրինի հատելու փորձի համար մեղադրանքը (34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ):
«Ես դեռևս առաջին ատյանի դատարանում իմ ճառում վիճարկում էի այդ հոդվածը, քանի որ նրա (Պերմյակովի-հեղ.) գործողություններում սահմանահատման փորձ չի եղել», -հավելեց պարոն Աղաջանյանը:
Հարցին, թե պաշտպանյալը չի՞ առարկել դատավճիռը բողոքարկելուն, փաստաբանը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ նա կարող է մինչև դատաքննությունն սկսելը հետ վերցնել բողոքը:
Վերաքննիչ քրեական դատարանը դեռևս ծանուցում չի ուղարկել փաստաբանին քրեական գործով բողոքը վարույթ ընդունել-չընդունելու մասին: Սեպտեմբերի 23-ին ավարտվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռի մեկամսյա ժամկետը, բայց փաստաբանը բողոքը ներկայացրել է սեպտեմբերի 7-ին:
«Ես դատարանում վիճարկում էի մեղադրանքն այդ մասով, հետևաբար տրամաբանական չէր լինի, որ ես վերաքննիչ բողոք չներկայացնեի», -իր քայլը բացատրեց փաստաբանը:
Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված էր համարել Պերմյակովին առաջադրված բոլոր հոդվածներով մեղադրանքները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
Մասնավորապես, դատարանի վճռով միայն ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ հոդվածով Պերմյակովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման:
Հարակից հրապարակումներ`
- Որտե՞ղ է պատիժը կրելու Պերմյակովը. Հարց՝ գլխավոր դատախազի թեկնածուին
- Պերմյակովի պատիժը կրելու հարցը պետք է լուծվի կողմերի միջև պայմանագրերի հիման վրա. ԱՆ
- Պերմյակովի գործով ՌԴ-ն պատասխանատու է դատական ակտ կայացրած երկրի առջև. Փաստաբան
- Պատասխանատվության չենթարկվեցին այն առողջ մարդիկ, ովքեր հիվանդ մարդու ձեռքը զենք էին տվել. Պերմյակովի գործ
- Պերմյակովը հնարավոր է փոխանցվի Ռուսաստանի իրավապահներին. «Interfax»
- Դատարանը շրջանցեց Պերմյակովի պատժի կրման վայրի մասին հատվածը
- Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան