«Ուսուցիչն ազգային դպրոցի դիմագծի պատասխանատուն է». Լևոն Մկրտչյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դահլիճում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման ամենամյա արարողությունը: Մրցույթն անցկացվում է արդեն 15 տարի անընդմեջ՝ նախարարության և Մայր Աթոռի համատեղ նախաձեռնությամբ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», Բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների համար: Մրցանակներն հանձնել են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Կրթության և գիտության նախարարը:
Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ ԿԳ նախարարը, կարևորելով Մայր Աթոռի հետ համատեղ իրականացվող միջոցառումը, խորհրդանշական է համարել, որ այն անցկացվում է ՀՀ անկախության 25-ամյա միջոցառումների շրջանակում. «Եթե գնահատելու լինենք անկախության 25 տարիները և եկեղեցու դերակատարումը, ապա կարող ենք առանձնացնել երկու կարևոր փաստ: Առաջին՝ պետականության 25 ամյակին նվիրված շքերթի ժամանակ հոգևոր գնդի հպարտ շարքերն էին, որ մեր զինվորների հետ միասին մտան հրապարակ, փաստելով, որ եկեղեցին ամբողջացնում է անկախության գաղափարը: Երկրորդը՝ Հայ Առաքելական եկեղեցու մնայուն ներկայությունն է կրթական ծրագրերում,- նշել է Լևոն Մկրտչյանն ու հավելել, որ ազգային կրթակարգի առաքելությունը հայ տեսակի շարունակությունն ու զարգացումն է, որն առանց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հնարավոր չէ իրականցնել:
«Եկեղեցին հայ տեսակի անքակտելի մասն է: Այն ուսուցիչները, ովքեր դասավանդում են «Հայ ժողովորդի պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» կամ «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» այդ տեսանկյունից շատ կարևոր ազգային առաքելություն են իրականցնում»,- նշել է Լևոն Մկրտչյանն ու շնորհավորելով մրցույթում հաղթող ուսուցիչներին՝ ընդգծել, որ նրանք, բացի առարկայի ուսուցումից աշակերտներին հոգևոր արժեքների փոխանցման և դրանով ազգային դպրոցի դիմագծի ձևավորման պատասխանատվությունն են կրում:
Հանդիսավոր արարողության ընթացքում ներկաներին օրհնության խոսք է հղել նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նշելով, որ Մայր Աթոռի համար մեծ պատիվ է ամեն տարի Գևորգյան հոգևոր ճեմարանում հյուրընկալել ուսուցիչներին և կրթության գործի մշակներին, ովքեր արժանացել են լավագույն ուսուցչի պատվին. «Մեր ուսուցիչները բարու սերմնացաններ են, ովքեր մեր զավակների հոգիներն և միտքը հերկելով, հոգու և մտքի անդաստաններում սերմանում են բարու պտուղներ, այնուհետև հոգ տանում, խնամում, որպեսզի այդ սերմերը ծիլ տան, աճեն, հասակ առնեն և բարի արդյունք տան՝ մեր ժողովրդի և հայրենիքի համար: Փառք ենք տալիս Աստծուն, որ այդ աշխատանքն իրականացվում է սիրով ու նախանձախնդրությամբ, որի արդյունքը մենք տեսանք Լեռնային Ղարաբաղում, երբ այցելել էինք մեր սահմանները պաշտպանող քաջարի մարտիկներին: Հպարտություն զգացինք այն ոգու համար, որով նրանք իրենց ծառայությունն էին իրականացնում: Այդ ոգու համար մենք մեր գնահատանքն ենք բերում մեր ուսուցիչներին, որպեսզի նրանց աշխատանքով ամրանան սաների շնորհները և այդ շնորհներով զարդարեն հայոց անդաստանները: Թող Աստված միշտ իր օրհնության ներքո պահի հայ ուսուցիչներին և բազմապատկի հայ ուսուցչի ջանքերի արդյունքները, որպեսզի շենանա մեր երկիրը»,- իր խոսքում նշել է Վեհափառը:
Նշենք, որ մրցույթի հանրապետական փուլին այս տարի մասնակցել են 129 մանկավարժներ, որոնցից 60-ն իրավունք են ստացել մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին:
Լավագույն արդյունքների համար 23 մասնակիցներ արժանացել են տարբեր կարգի մրցանակների: 37 մանկավարժներ ստացել են մասնակցության վկայականներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները