«ԴիջիԹեք». «Հայաստանում գիտության և տեխնիկայի զարգացումը դադար չի ունեցել»
Գորիսում գործող «ՕգմենթԱր» ընկերությունը եռաչափ տպիչով՝ «Բզեզ», տպում է հեռախոսի, պլանշետերի հենակներ, գրչամաններ: Հատկանշական է, որ եռաչափ տպիչը նաև տպում է հենց իր դետալները: Ընկերության արտադրանքը ներկայացված է «ԴիջիԹեք էքսպո-2016» 12-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսում:
Լրագրողների հետ զրույցում «ՕգմենթԱր» ընկերության համահիմնադիր տնօրեն
Արթուր Խոջաբաղյանն ասաց, որ արտադրանքի համար օգտագործում են պլաստմասի տեսակներ, ռեզիններ:
Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող Միշա Մանուկյանը ցուցահանդեսում ներկայացնում է հեռակառավարվող տանկ:
«Կառավարվում է հեռվից: Առանց զինվորի է: Օդը չի աղտոտում, որովհետև աշխատում է էլեկտրականությամբ: Կրակում է էլեկտրամագնիսական դաշտով»,- իր և իր համակուրսեցու ստեղծած տանկն այսպես նկարագրեց Միշան:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանող Արամ Ավետիսյանը ստեղծել է սարք, որն ունի և ուսուցողական, և բուժիչ բնույթ: Նրա ներկայացմամբ՝ այս սարքը կարող է աշակերտների համար ծառայել ֆիզիկայի դասընթացների ուսուցման նյութ՝ կինեմատիկա, դինամիկա, ֆիզիկայի պահպանման օրենք, մեխանիկայի որոշ փուլեր: Բուժիչ տեսանկյունից՝ հանգստացնում ու մարզում է աչքերը:
Գիտության և տեխնիկայի թանգարանի տնօրեն Ժիրայր Սևոյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց թանգարանում հավաքված են Հայաստանի գիտության, տեխնիկայի, արդյունաբերության ոլորտի սարքերի, սարքավորումների նմուշներ, ներկայացված են հայ գիտնականների, ինժեներների ստեղծած սարքավորումները: Թանգարանում կա նաև ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ստեղծված սարքերի ցուցասրահ:
«Մեր նպատակն է ցույց տալ, որ Հայաստանում գիտության և տեխնիկայի զարգացումը դադար չի ունեցել, չի կանգնել, մշտական զարգացման պրոցեսի մեջ է: Այս ցուցահանդեսն էլ հենց դա է ապացուցում»,- նշեց նա:
Ըստ Ժ. Սևոյանի, դեռևս 1970-80-ականներին Հայաստանն իր արդյունաբերության հզորությամբ, գիտության, տեխնիկայի ոլորտում ունեցած հաջողություններով Սովետական միությունում 2-3-րդ հանրապետությունն է եղել:
«Կային սարքավորումներ, որոնք եզակի էին, միջազգային մրցույթներում ոսկե մեդալների էին արժանացել: Հայաստանը խորհրդային տարիներին մեծ ներդրում է ունեցել նաև ռազմական արդյունաբերության մեջ»,- նշեց թանգարանի տնօրենը:
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների, սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր, ինչպես նաև ծանոթացնել հայաստանյան տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների դաշտի իրական պատկերին, ձեռքբերումներին ու հեռանկարներին:
«ԴիջիԹեք էքսպո-2016»-ին այս տարի մասնակցող ավելի քան 120 ընկերությունների շարքում տեղական հեղինակավոր ընկերություններից բացի, մասնակցում են նաև առաջատար ընկերություններ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Չինաստանից և Հնդկաստանից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմից հետո կոլեկտիվ մտքի առումով մի քիչ սթափվել ենք. Արմեն Մանուկյան
- Նախագահն այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2016» տեխնոլոգիական ցուցահանդես
- Ապրիլյան դեպքերից հետո ռազմարդյունաբերության ոլորտում ունենք շատ լուրջ առաջընթաց.Դավիթ Փախչանյան
- Մեկնարկեց «ԴիջիԹեք»-ը. «Հայաստանն աշխարհին շատ բան ունի ցույց տալու»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին