«Սեքյուրիթի Դրիմ»-ի ղեկավարը ներկայացրել է տուգանքների մասին ակտերը կեղծելու սխեման
Հատուկ քննչական ծառայությունը օրերս հաղորդագրություն տարածեց, որով տեղեկացրել էր, թե ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված, վճարման ենթակա տուգանքները չվճարելու ու պետությանը խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցներ՝ Կ. Զ.-ն և Ս. Տ.-ն կալանավորվել են:
Ըստ ՀՔԾ-ի, այս անձինք «նախնական համաձայնությամբ, ինչպես գույքային օգուտ ստանալու, այնպես էլ՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ լիազորություններն օգտագործել են կազմակերպության շահերին հակառակ, պատրաստել և օգտագործել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որի հետևանքով կազմակերպության և պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս»:
Նույն հաղորդագրությամբ ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիշյալ աշխատակիցները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նախագահ Գուրգեն Զաքարյանից Panorama.am-ը փորձեց ճշտել, թե ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը և հատկապես ի՞նչ օրինախախտում են արել աշխատակիցները:
Զաքարյանը նախ հերքեց ՀՔԾ-ի տարածած տեղեկությունը և ասաց, որ իրենց աշխատակիցներից ոչ մեկը կալանավորված չի եղել:
«Այդ անձինք, որոնց մասին տեղեկացրել է ՀՔԾ-ն, կալանավորված չեն, բայց ազատվել են աշխատանքից: Էլի եմ կրկնում՝ հիմա ոչ մեկը կալանավորված չի: Ճիշտ ա վնաս պատճառել են, բայց դրանք քամի են, մինչև մեկ միլիոն՝ 450 հազար դրամ: Ուռճացնում են, Հատուկ քննչականը ի՞նչ ա ուզում դրանով ասի, չեմ հասկանում», -մեզ հետ զրույցում ասաց Զաքարյանը:
Նրա խոսքով, տարօրինակ էր, թե ինչու է նման աղմուկ բարձրացել այն դեպքում, երբ վնասը «քամի է»:
«Մթոմ ՀՔԾ-ն գործ է՞ անում, չկա ըտենց բան, ոչ մեկը կալանավորված չէ: Իրենք վնաս են հասցրել և մեր ընկերությանը, և պետությանը, այդ վնասը կազմել է մինչև մեկ միլիոն դրամ: Բայց նաև պետք է հաշվի առնել, որ իրենք ավելի շատ մուտքեր են ապահովել բյուջե», -ասաց Զաքարյանը:
Մեր հարցին, թե մասնավորապես ի՞նչ խախտում են արել նախկին աշխատակիցները, Զաքարյանը պատասխանեց. «Նրանց ամբողջ այդ գործունեությունը տևել է մի երեք օր, իսկ վնասը հասել է 450 հազարդ դրամի: Իսկ նրանք այդ ամենը արել են Ճանապարհային ոստիկանություն գործուղման ժամանակ: Առիթից օգտվել են ու ինչ-որ անձանց լավություն են արել»:
Հարցին, թե ո՞ւմ են լավություն արել, պաշտոնյաների՞, Զաքարյանը պատասխանեց. «Առիթից օգտվել են ու արտասահմանցուն ակտ են ուղարկել ոչ թե նրա կատարած խախտման համար, այլ տեղացու: Լավություն են արել ու ինչ-որ գումար վերցրել դրա դիմաց»: Նրա խոսքով, միայն ներկայացված բողոքի դեպքում է պարզվել, որ կատարվածը կեղծիք է:
«Սեքյուրիթի Դրիմ»-ի տնօրենի խոսքերից պարզվեց, որ իրենց աշխատակիցները հաճախ են գործուղվում Ճանապարհային ոստիկանություն օգնելու ոստիկաններին, քանի որ վերջինները տուգանքների ժամկետների մեջ չեն հասցրել տեղավորվել:
«Գնացել են ՃՈ, օգնել են, որ թղթերը համակարգեն, դասավորեն, առիթից օգտվելով, խախտման մասին ակտը ուղարկել են ոչ թե հասցեատիրոջը, այլ սխալ հասցեով, իսկ խախտում արածը վճարել է աշխատողին: Բայց հետո համ աշխատողներն են պատժվել, համ էլ խախտում արած քաղաքացին, որը քիչ է վճարել, բայց հետո խախտումն ամբողջությամբ վճարել է: Ինքը չի օգտվել», -կեղծիքի սխեման ներկայացրեց «Սեքյուրիթի Դրիմ»-ի ղեկավարը:
Հետաքրքրվեցինք, թե այսինքն հնարավոր է ընկերությունում նման կեղծիքներ անե՞լ, մարդիկ չբողոքե՞ն ու այդպես էլ շարունակվի՞ և աշխատակիցների կատարած կեղծիքի դիմաց տուժած քաղաքացիները կատարեն վճարումներ իրենց գրպանից, Զաքարյանն արձագանքեց, որ իրենք իրենց մոտ կարողանում են վերահսկել իրենց աշխատողներին:
«Մենք հետևում ենք. Եթե դա մեր մոտ կատարված լիներ, ես կհասկանայի, որ ինչ-որ թերություն է եղել: Բայց դա եղել է ՃՈ-ում», -հավելեց Զաքարյանը:
Մեր մյուս հարցին, թե կարո՞ղ ենք ենթադրել, որ այս պարագայում ՃՈ-ում համատեղ կատարված աշխատանքի ընթացքում «Սեքյուրիթի Դրիմ»-ի աշխատակիցները համագործակցել են ՃՈ-ի ծառայողների հետ, Զաքարյանը պատասխանեց, որ հստակ չի կարող ասել: «Չեմ կարող ասել, կարող է ինքնուրույն են արել, ՃՈ-ն կապ չի ունեցել: Բայց դա մեր կանտրոլից դուրս է եղել, որովհետև մեր դաշտում չէ», -նշեց Զաքարյանը: