Ադրբեջանը մտնում է անորոշության և անկայունության շրջափուլ
«Ադրբեջանը մտնում է նոր պատմական շրջափուլ: Նավթային բումը, որը զարկ տվեց տնտեսությանը, ուժեղացրեց պետականությունը և որոշակի նոր միջազգային իմիջ հաղորդեց երկրին, ավարտվել է»,-այսպիսի եզրահանգման է գալիս Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի Եվրոպական մասնաճյուղի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը՝ Ադրբեջանին նվիրված իր նոր հոդվածում:
«Ադրբեջանը 25 տարեկան է. փոփոխությունների և անկայունության նոր դարաշրջան» վերնագրով վերլուծական հոդվածում հեղինակը համապարփակ անդրադարձ է կատարում Ադրբեջանի պետականության զարգացման ձեռքբերումներին և բացթողումներին և գալիս եզրակացության, որ նավթի միջազգային շուկայում բարձր գների տարիներին այդ երկրի իշխող ընտանիքը կարողացել է կուտակել հսկայական հարստություն, բայց այժմ ցածր գների և պակասող պաշարների պարագայում նախկին կենսամակարդակը և վարծագիծը պահպանելը այլևս անհնար է լինելու:
.@Tom_deWaal: If elites do not bridge the gap between rulers and ruled, #Azerbaijan will face political turbulence. https://t.co/AHI3DNHJu9
— Carnegie Europe (@Carnegie_Europe) September 26, 2016
«2016-ին Ադրբեջանի գրեթե բոլոր տնտեսական ցուցանիշերը անկման մեջ էին: Տարվա առաջին ութ ամիսներին… ՀՆԱ-ն արձանագրել է 3.9% անկում, իսկ նավթի արտահանման ծավալները կրճատվել են 37%-ով:
Բաքու-Ջեյհան նավթամուղով արտահանումները նվազել են՝ հասնելով օրական 850.000 բարելի, մինչդեռ 2010-ին արտահանման բարձրակետին այդ ցուցանիշը կազմում էր 1մլն օրական: Նավթի ցածր գները հատկապես ծանր հարված են հասցրել Ադրբեջանի տնտեսությանը: Կենտրոնական բանկը իր պահուստների 2/3-ը ծախսել է նախորդ 15 ամիսներին փորձելով ազգային արժույթի կայունությունը պահպանել, ինչը այդքան էլ չի հաջողվել:
2016թ սեպտեմբերի դրությամբ պահուստները կազմել են ընդամենը $4.19մլրդ, մինչդեռ 2014-ի հուլիսին կազմում էր $15.19 մլրդ: Սեպտեմբերի 14-ին Կենտրոնական բանկը ևս մեկ փորձ արեց ազգային արժույթի կայունությունը ապահովելու համար, երբ հիմնական տոկոսադրույքը բարձրացրեց մինչև 15 տոկոս», - գրում է բրիտանացի հեղինակավոր փորձագետը:
Վկայակոչելով Օքսֆորդի էներգետիկ հետազոտությունների ինստիտուտի տվյալները, դե Վաալը գրում է, որ ադրբեջանական գազի հիմնական սպառողը տեսանելի ապագայում լինելու է Թուրքիան, իսկ Եվրոպան այդպես էլ զգալի որևէ բան չի ստանա մինչև 2030 թվականը:
Ներկայումս իրավիճակը էլ ավելի բարդ է Ադրբեջանի համար: Երբ Վրաստանը բացասական պատասխան ստացավ Ադրբեջանից գազի ներկրման ծավալները մեծացնելու վերաբերյալ, ստիպված էր բանակցություններ սկսել ռուսական Գազպրոմի հետ:
«2016-ին Ադրբեջանը ինքն էր իրականում գազ ներկրում Ռուսաստանից մի քանի գործարանների պահանջարկը բավարարելու համար», - գրում է դե Վաալը:
«Եթե ներկայիս միտումները պահպանվեն, Ադրբեջանի նավթի պաշարները կսպառվեն երկու տասնամյակի ընթացքում: 1994-ից ի վեր նոր պաշարները չեն հայտնաբերվել: Համաձայն բրիտանական BP-ի հետազատությունների, երկրի պաշարները կազմում էին մոտ 7 մլրդ բարել 2014-ին, մինչդեռ համեմատության համար Ղազախստանը ունի մոտ 30մլրդ, Ռուսաստանը 103, իսկ Իրանը՝ 158մրդ բարելի ապացուցված պաշարներ», - մեջբերում է հեղինակը:
Ադրբեջանի տնտեսական և, հետևաբար, քաղաքական անկայունության վերաբերյալ իր գնահատականներում Թոմաս դե Վաալը, ընդհանուր առմամբ, գալիս է նույն եզրահանգումներին, ինչ հրապարակվել էր դեռ ս.թ. հունվարին Financial Times-ում, և դրանից առաջ այլ վերլուծաբանների կողմից: