Կբարելավվի Հայաստանում նորածնային բուժօգնությունը
Ռուսաստանի Դաշնությունն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են ջանքերը՝ բարելավելու ՀՀ-ում նորածնային բուժօգնությունը: Համագործակցության մասին համաձայնագիրն այսօր ստորագրեցին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Իվան Վոլինկինը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը հայտնեց, որ առողջապահության նախարարության համագործակցությամբ ծրագիրն իրականացվելու է 2017-2019թթ.-ին՝ նպատակ ունենալով երկրում նվազեցնել մանկական և նորածնային մահացությունն ու հիվանդացությունը:
«Ծրագրային միջամտությունները մշակվել են ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի կողմից՝ ՀՀ կառավարության՝ Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում ներառված առաջնայնություններին և 2016-2020թթ-ի Երեխաների և դեռահասների առողջության բարելավման ազգային ռազմավարությանը համահունչ»,-տեղեկացրեց Կ. Սարիբեկյանը:
Ըստ ՌԴ դեսպան Վոլինկինի՝ այս ծրագիրը տեխնիկական օգնության և փորձի փոխանակման համար ամուր գործընկերության հիմք կստեղծի Ռուսաստանում մասնագիտացված առողջապահական ծառայություններ մատուցողների հետ. «Մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր երեխա պետք է կյանքում լավագույն սկիզբ ունենա, և Ռուսաստանի Դաշնության կառավարության անունից ուրախ ենք օժանդակել Հայաստանի Հանրապետությանը լուծել այս կարևոր խնդիրը»:
ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցչի խոսքով սա առաջին ծրագիրն է՝ ուղղված ՀՀ-ում երեխաների առողջապահական խնդիրների հաղթահարմանը. «Մենք հավատացած ենք, որ այս համագործակցությունն արդյունավետ ու կայուն կլինի հանուն Հայաստանի մանուկների առողջության և բարեկեցության: Միասին մենք կաշխատենք զորացնել Հայաստանում ընտանիքներն ու համայնքները՝ հղի կանանց և նորածիններին տանը ավելի լավ խնամք տրամադրելու համար, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում անհապաղ դիմելու առողջապահական հաստատություններ»:
Ռուսաստանի Դաշնության օժանդակությամբ և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատելու է նորածնային վերակենդանացման ծառայությունների և մանկական բուժօգնության բարելավման ուղղությամբ՝ բուժաշխատողներին զինելով անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով առ այն, թե ինչպես միջազգային չափորոշիչներին համահունչ ավելի որակյալ նորածնային ծառայություններ մատուցել, ինչպես նաև՝ մատակարարելու է անհրաժեշտ սարքավորումներ: Գործընկերները նաև մշակելու են տնային այցերի միացյալ համակարգ առաջնային բուժօգնության մակարդակում, ինչը հնարավորություն կտա վաղ բացահայտել նորածինների մոտ առողջական և զարգացման խնդիրները և իրականացնել անհրաժեշտ միջամտություններ: