Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը պայմանավորված է տնտեսական ընթացիկ իրավիճակներով. ԿԲ ներկայացուցիչ
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը պայմանավորված է տնտեսական ընթացիկ իրավիճակներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը:
«Սեպտեմբերի 27-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0,5%-ով իջեցումը տարվա ընթացքում 9-րդ նվազեցումն էր: Այս ժամանակահատվածում մենք ունեցել են տարբեր չափի նվազեցումներ: Օրինակ՝ անցյալ տարվա չորրորդ եռամսյակում տոկոսադրույքը իջեցվել էր 0,5% կետով, դեկտեմբերին 1 տոկոսային կետով էինք նվազեցրել, իսկ նվազեցումների տրամաբանությունը պայմանավորված է տնտեսական ընթացիկ իրավիճակներով»,- նշեց Վահագն Գրիգորյանը՝ հավելելով, որ ըստ Ռոյթերսի, Հայաստանը վերջին շրջանում ամենաշատ տոկոսադրույքներ իջեցրած երկրներից մեկն է:
Վարչության պետի խոսքերով՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին նվազեցումները պայմանավորված են եղել նաև Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տնտեսության ակտիվության ցուցանիշներով:
Հարցին` վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0,5 տոկոսով իջեցումը արդյոք պայմանավորված է նոր կառավարության ձևավորմամբ՝ որպես աջակցություն կառավարությա՞նը, Վահագն Գրիգորյանը պատասխանեց. «Առաջին անգամ չէ, որ ԿԲ-ն տոկոսադրույքի նման չափ է սահմանում։ Օրինակ՝ իջեցում եղել է մայիսին, նման իջեցում եղել է նաև նախորդ տարվա չորրորդ եռամսյակում, սա մեր քաղաքականության տրամաբանությունն է՝ առաջին հերթին հիմնված որոշակի տվյալների վրա: Որպես աջակցություն կառավարությանը՝ նման տրամաբանություն չկա, չնայած մենք պատկերացնում էինք, որ այս որոշումը նման մեկնաբանությունների առիթ կարող էր հանդիսանար»:
Պատասխանելով հարցին, թե որքան կարող են նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, վարչության պետն ասաց, որ կախված է տնտեսական իրավիճակից: «Կարող է տնտեսական իրավիճակ փոխվի և նոր տոկոսադրույքը իջեցվի: Ամբողջ աշխարհում, եթե գնանկումը պայմանավորված է լինում արտաքին գործոններով կամ այնպիսի գործոններով, որոնք կենտրոնական բանկի իրավասությունից դուրս են, ապա նման դեպքերում ԿԲ դրամավարկային քաղաքականության ազդեցությունը զուտ կարճաժամկետ հատվածում բավականին սահմանափակ է»,- նշեց նա:
Ըստ նրա, ԿԲ խորհրդի գնահատմամբ, չնայած կարճաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը գերակշռում են, սակայն միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման էական ռիսկեր չկան: Այսինքն՝ կարճաժամկետ հատվածում հնարավորություն են տեսնում, որ կարող է գնանկումային ռիսկերը որոշակի գերակշռեն, բայց միջնաժամկետ հատվածում վստահ են, որ գնաճը վերադառնալու է նպատակին և այդ առումով այսօր դեռևս չեն կարող ասել, թե հաջորդ անգամ ինչքանով տոկոսադրույքը կիջեցնեն:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի բանկային համակարգն ընթացիկ տարում ցուցաբերել է բավականին դրական առաջընթաց. Անդրանիկ Գրիգորյան
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.75 տոկոս է սահմանվել