«Հայփոստը» սկսում է Եվրոպայի հետ փոստի և բեռների կանոնավոր չվացուցակով փոխադրման աննախադեպ ծառայություն Հայաստանում
Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ն սկսում է մատուցել Հայաստանի համար աննախադեպ ծառայություն:
2016 թվականի հոկտեմբերի 1-ից Հայփոստն իրականացնելու է փոստի և բեռների կանոնավոր չվացուցակով պարբերական փոխադրումներ դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ:
Այսօր Երևանի Հանրապետության Հրապարակում ներկայացվել են նոր ծրագիրն ու ծրագրի իրագործման համար ներկրված մեքենաները: Շնորհանդեսին ներկա ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը և Հայփոստի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը խորհրդանշական բանալիները հանձնել են վարորդներին՝ մաղթելով բարի երթ:
«Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, նոր ծառայությունը Երևանից Ֆրանկֆուրտի բեռնային հանգույց և հակառակ ուղղությամբ փոստի ու բեռների շաբաթական փոխադրումների միջոցով կամրապնդի Հայաստանի կապը եվրոպական երկրների հետ:
«Այս նորարարական, վստահելի, արագ և ապահով բեռնափոխադրումների ծառայությունը կօժանդակի ապրանքների ներկրման և արտահանման գործընթացին՝ ընկերություններին թույլ տալով ընդլայնել իրենց գործունեությունը: Միաժամանակ նոր ծառայությունը կտրուկ առաջընթաց կապահովի Հայաստանում առցանց առևտրի ծավալների աճին:
Նոր ծառայության մատուցման նպատակով Հայփոստը ձեռք է բերել Mercedes-Benz Actros 2530 GigaSpace մոդելի 2 լիովին նոր բեռնատար ավտոմեքենա՝ 6×4 անվակազմով: Մեքենաների հզորությունը 530 ձիաուժ է, յուրաքանչյուրի բեռնատարողությունը՝ 27 տոննա: Հավելյալ բաքերի շնորհիվ մեկ լիցքավորմամբ մեքենաները կարող են հաղթահարել մինչև 4500 կմ ճանապարհ»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Մեքենաները հագեցած են առաջատար արտադրողների գերժամանակակից սարքավորումներով և երկար տարածություններ անցնելիս առավելագույն հարմարավետ պայմաններ են ապահովում վարորդների համար:
Իրենց ճկուն կոնֆիգուրացիայի շնորհիվ սառեցման հնարավորությամբ օժտված նոր բեռնատարները կարող են փոխադրել ինչպես ընդհանուր, այնպես էլ շուտ փչացող ապրանքներ: Բեռնատարները համապատասխանում են Եվրո-6 էկոլոգիական եվրոպական բարձրագույն չափանիշներին՝ ապահովելով ներկայումս ածխածնի օքսիդի արտանետման հնարավոր նվազագույն մակարդակ:
Նշված բեռնատարների հետ մեկտեղ այսօրվանից Հայփոստի շարժակազմը համալրվել է 12 լիովին նոր Renault Dokker ֆուրգոններով, որոնց երթուղիները կմեծացնեն Հայաստանի միջմարզային կապը: Էկոլոգիապես անվտանգ այս մեքենաները կլիցքավորվեն սեղմված բնական գազով՝ նվազագույնի հասցնելով ածխածնային արտանետումների մակարդակը:
Այս նոր 14 մեքենաների համար ամբողջական ներդրումը կազմում է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլլարին համարժեք գումար:
«Հերթական նոր ծառայությամբ Հայփոստի Հավատարմագրային կառավարիչը շարունակում է նորամուծությունների իր հետևողական շարքը: Վերջին 7 տարվա ընթացքում «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն իր շարժակազմը համալրել է 140 նոր մեքենայով: Դրանց տարեկան ընդհանուր վազքը կազմում է 3 միլիոն 500 հազար կիլոմետր՝ ապահովելով կապը Հայաստանի ողջ տարածքում և Լեռնային Ղարաբաղի հետ: Ընկերությունը վերանորոգել և արդիականացրել է 250 փոստային բաժանմունք հանրապետության ամբողջ տարածքում: Առցանց կապով առ այսօր ապահովվել է 700 բաժանմունք, որի արդյունքում Հայփոստն ունի Հայաստանում խոշորագույն օնլայն ցանցը»,-ամփոփում են ընկերությունից: