Մեկնարկեց «ԴիջիԹեք»-ը. «Հայաստանն աշխարհին շատ բան ունի ցույց տալու»
Այսօր Երևանում բացվեց 12-րդ ամենամյա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսը: Այս տարի այն անցկացվում է «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո: Կարմիր Ժապավենը կտրեցին ԻՏՁՄ նախագահ Կարեն Վարդանյանն ու «Յուքոմ» ընկերության ղեկավար Հայկ Եսայանը: Բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիսավոր արարողությունից հետո նա սկսեց շրջել տաղավարներում, ծանոթանալ ՏՏ ոլորտում ներկայացված նախագծերին:
Կարեն Վարդանյանը իր ելույթում նշեց, որ այս տարի «Դիջիթեք»-ում հիմնական շեշտադրումը կատարել են կրթական ուղղության վրա է:
«Մենք այդ ոլորտում ունենք մասնագետների լուրջ պակաս»,-ասաց միության նախագահը:
Հաջորդ կարևոր ուղղությունը պաշտպանունակությունը բարձրացնելու վերաբերյալ առաջարկություններն են, ինչի անհրաժեշտությունը երևան եկավ ապրիլյան պատերազմից հետո:
Տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիոսյանի խոսքով, շատ բան արվել է այս ոլորտում, շատ բան առջևում է:
Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանն աշխարհին շատ բան ունի ցույց տալու: Առաջիկայում Հայաստանը մասնակցելու է ՏՏ համաշխարհային համաժողովին, նախարարը վստահ է, որ երկիրը հաջողություններ կունենա:
Կազմակերպիչները նշում են, որ ցուցահանդեսն այս տարի հատկանշական է ոչ միայն մասնակիցների թվով և լայն աշխարհագրությամբ, այլ նաև ռազմավարական խնդիրների առաջնահերթությամբ և իրականացմամբ:
ԴիջիԹեք 2016-ը համախմբել է 120-ից ավելի տեղական և միջազգային ընկերությունների: Այս տարի Հնդկաստանը հանդես է գալիս որպես ցուցահանդեսի գործընկեր երկիր և ներկայացված է կոնսոլիդացված տաղավարով: Ցուցահանդեսին մասնակցնում են նաև այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են՝ Keysight Technologies, VMware, PicsArt, Ucom, Joomag, VOLO, Festo, Rusbase, Monitis, IUNetworks, ArmSoft, Huawei ընկերությունները, Արմաթ, Թումո կրթական կենտրոնները և այլն:
ԴիջիԹեքի շրջանակում ռուսական GenerationS աքսելերատորի կողմից կանցկացվի մրցույթ տեխնոլոգիական բոլոր ստարտափների համար: Կանցկացվի նաև «Նորարարության և գյուտարարության ֆորում»՝ ԱՐՓԱ-յի կողմից:
Եռօրյա տոներին կլինի նաև «Robofest» ռոբոտների շքերթ, որի շրջանակում ՀՀ մարզերում գործող շուրջ 160 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման ու ռոբոտաշինության ոլորտներում: Տեղի կունենա «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն:
ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսի նպատակն է ստեղծել բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, տնտեսության այլ ճյուղերի և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր, ընդլայնել միջազգային համագործակցությունը և յուրաքանչյուր տարի ներկայացնել ՏՀՏ դաշտի ձեռքբերումներն ու առկա մարտահրավերներն ու հեռանկարները:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 2-ը: Այն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ Պլատինե հովանավորն է Ucom կապի միասնական օպերատորը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան