ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է մանրածախ բիզնեսի ցուցանիշները
ՎՏԲ-Հայաստան բանկը, որպես ունիվերսալ բանկ, ակտիվորեն շարունակում է զարգանալ և ամրապնդել իր դիրքերը հիմնական ցուցանիշներում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՎՏԲ24 բանկի նախագահ, վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը:
«2016 թվականի ֆինանսական ցուցանիշները վկայում են այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան բանկը հաջողությամբ և ռազմավարապես ճիշտ է զարգացնում մանրածախ բիզնեսը, ներկայացնելով իր գործունեության տպավորիչ ցուցանիշները: Բանկը վստահորեն պահպանում է իր առաջատար դիրքը Հայաստանի բանկային շուկայի քարտային սեգմենտում, իսկ մանրածախ պորտֆելի ցուցանիշներով զգալիորեն գերակատարել է պլանը, ինչպես նաև մի քանի անգամ գերազանցել է անցած տարվա արդյունքները»,- նշեց Միխայիլ Զադորնովը:
Ըստ նրա՝ 2016 թվականի 8 ամսվա համար պլանը գերակատարվել է գրեթե 3 անգամ՝ -1 մլրդ դրամի փոխարեն փաստացի շահույթը կազմելով +560 մլն դրամ, ինչը 2 անգամ գերազանցում է 2015 թ-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Նա ընդգծել է, որ ՎՏԲ24 Բանկը, որը հանդիսանում է ՎՏԲ խմբի դուստր բանկերի մանրածախ բիզնեսի զարգացման համակարգող, բարձր է գնահատում բանկի կողմից ձեռք բերված արդյունքները մանրածախ բիզնեսում, և հետագայում էլ շարունակելու է աջակցել մանրածախ բիզնեսի բոլոր ուղղություններով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն, տնօրինության Նախագահ Յուրի Գուսևի խոսքերով՝ իրենց համար մանրածախ բիզնեսի զարգացումը՝ առանցքային խնդիրներից մեկն է, որում հիմնական շեշտը դրվում է հաճախորդների սպասարկման որակի, առաջարկվող ծառայությունների ու ապրանքների հարմարավետության վրա:
«Բանկը մշտապես ընդլայնում է հեռահար ծառայությունների շրջանակը, օգտագործելով նորարարական մոտեցումներ հաճախորդների սպասարկման ոլորտում: Նկատվում է ներգրավված միջոցների պորտֆելի հիմնական բիզնես-ցուցանիշների, զուտ տոկոսային եկամտի, պահուստներից և շահույթից հետո գործառնական եկամտի ակնհայտ աճ»,- ասաց նա:
Պահուստներից հետո, ըստ Յուրի Գուսևի, գործառնական շահույթը կազմել է 6 մլրդ դրամ, ինչը գերազանցում է 2015 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 7%-ով:
Ֆիզիկական անձանց ներգրավված միջոցների պորտֆելը կազմել է 120 մլրդ դրամ (105%՝ պլանի համեմատ), ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցները հասել են մինչև 21 մլրդ դրամ (126%՝ պլանի համեմատ):
«Մենք վստահ ենք, որ 2017 թվականը արդյունավետ կլինի, և ակնկալում ենք մանրածախ բիզնեսի ցուցանիշների բարձր աճ»,- ընդգծեց Յուրի Գուսևը:
Նշենք նաև, որ 2016 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը հայաստանյան շուկայում հանդիսանում է բացարձակ առաջատար քարտերի քանակով և շրջանառությամբ: Բանկը զբաղեցնում է Հայաստանի բանկային շուկայում 1-ին տեղը հետևյալ ցուցանիշներով՝ քարտերի քանակով՝ 23% մասնաբաժինը շուկայում, ընդ որում՝ 35% մասնաբաժինը միջազգային քարտերի քանակով, թողարկված քարտերի շրջանառությամբ՝ 19%, էկվայրինգային ցանցում շրջանառություն՝ 19%:
ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է 2-րդ տեղը երկրում սեփական բանկոմատային ցանցի ցուցանիշով՝ 12% մասնաբաժինով, և 1-ին տեղը՝ 37 %, հաշվի առնելով շուկայում այլ խաղացողի հետ միավորված բանկոմատային ցանցը:
2016 թ-ին մանրածախ բիզնեսի զարգացման ուղղությամբ իրականացվել են հետևյալ հիմնական նախաձեռնությունները, որոնք նպաստում են վարկային պրոդուկտների վաճառքի և պորտֆելի աճին, ինչպես նաև ամենապահանջված նոր ապրանքների և ծառայությունների շուկայում առաջարկություններ: Մասնավորապես, գործարկվել են լոմբարդային վարկերի արտոնյալ պայմաններ ՎՏԲ-Հայաստան բանկի հավատարիմ հաճախորդների համար, 2 ամիս ժամկետով ակցիայի տեսքով, ինչի արդյունքում լոմբարդային վարկերի վաճառքներն աճել են 50% - ով:
Ներդրվել է վարկերի ձևակերպման հետ զուգահեռ ապահովագրական պրոդուկտների վաճառքի նոր մոդել, ինչի արդյունքում վարկ ստանալու հետ զուգահեռ կամավոր ապահովագրական պրոդուկտներ ձեռք բերող հաճախորդների թիվը աճել է 76% - ով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի POS-վարկավորման կետերում POS-վարկի ձևակերպումից բացի հաճախորդը կարող է ստանալ նաև վարկային քարտ մինչև 800 հազար ՀՀ դրամ սահմանաչափով: Վարկային քարտը տրամադրվում է հաճախորդին անմիջապես, հենց առևտրի կետում և առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության:
Ներկայացված ցուցանիշների համաձայն՝ 2016 թ. ընթացքում բանկն իր ծառայություններն է մատուցել շուրջ 522.8 հազար ֆիզիկական անձանց: Բանկի մասնաբաժինը շուկայում 2016 թ. 2-րդ եռամսյակում կազմել է 7.9% վարկերի գծով և 8.5% ներգրավված միջոցների ցուցանիշով: