17:28 30/09/2016 Հայաստան

«ԴիջիԹեք». «Հայաստանում գիտության և տեխնիկայի զարգացումը դադար չի ունեցել»

Գորիսում գործող «ՕգմենթԱր» ընկերությունը եռաչափ տպիչով՝ «Բզեզ», տպում է հեռախոսի, պլանշետերի հենակներ, գրչամաններ: Հատկանշական է, որ եռաչափ տպիչը նաև տպում է հենց իր դետալները: Ընկերության արտադրանքը ներկայացված է «ԴիջիԹեք էքսպո-2016» 12-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսում:

Լրագրողների հետ զրույցում «ՕգմենթԱր» ընկերության համահիմնադիր տնօրեն
Արթուր Խոջաբաղյանն ասաց, որ  արտադրանքի  համար օգտագործում են պլաստմասի տեսակներ, ռեզիններ:

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող Միշա Մանուկյանը ցուցահանդեսում ներկայացնում է հեռակառավարվող տանկ:

«Կառավարվում է հեռվից: Առանց զինվորի է: Օդը չի աղտոտում, որովհետև աշխատում է էլեկտրականությամբ: Կրակում է էլեկտրամագնիսական դաշտով»,- իր և իր համակուրսեցու ստեղծած տանկն այսպես նկարագրեց Միշան:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանող Արամ Ավետիսյանը ստեղծել է սարք, որն  ունի և ուսուցողական, և բուժիչ բնույթ:  Նրա ներկայացմամբ՝ այս սարքը կարող է աշակերտների համար ծառայել ֆիզիկայի դասընթացների ուսուցման նյութ՝ կինեմատիկա, դինամիկա, ֆիզիկայի պահպանման օրենք, մեխանիկայի որոշ փուլեր: Բուժիչ տեսանկյունից՝ հանգստացնում ու մարզում է աչքերը:

Գիտության և տեխնիկայի թանգարանի տնօրեն Ժիրայր Սևոյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց թանգարանում հավաքված են Հայաստանի գիտության, տեխնիկայի, արդյունաբերության ոլորտի սարքերի, սարքավորումների նմուշներ, ներկայացված են հայ գիտնականների, ինժեներների ստեղծած սարքավորումները: Թանգարանում կա նաև ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ստեղծված սարքերի ցուցասրահ: 

«Մեր նպատակն է ցույց տալ, որ Հայաստանում գիտության և տեխնիկայի  զարգացումը դադար չի ունեցել, չի կանգնել, մշտական զարգացման պրոցեսի մեջ է: Այս ցուցահանդեսն էլ հենց դա է ապացուցում»,- նշեց նա:

Ըստ Ժ. Սևոյանի, դեռևս 1970-80-ականներին  Հայաստանն իր արդյունաբերության  հզորությամբ, գիտության, տեխնիկայի ոլորտում ունեցած հաջողություններով Սովետական միությունում 2-3-րդ հանրապետությունն է եղել:

«Կային սարքավորումներ, որոնք եզակի էին, միջազգային մրցույթներում ոսկե մեդալների էին արժանացել: Հայաստանը խորհրդային տարիներին մեծ ներդրում է ունեցել նաև ռազմական արդյունաբերության մեջ»,- նշեց թանգարանի տնօրենը:

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների, սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր, ինչպես նաև ծանոթացնել հայաստանյան տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների դաշտի իրական պատկերին, ձեռքբերումներին ու հեռանկարներին:
«ԴիջիԹեք էքսպո-2016»-ին այս տարի մասնակցող ավելի քան 120 ընկերությունների շարքում տեղական հեղինակավոր ընկերություններից բացի, մասնակցում են նաև առաջատար ընկերություններ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Չինաստանից և Հնդկաստանից:


Մանրամասները՝ տեսանյութում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}