Վարչապետը կարևորել է տեխնոլոգիական կրթական համակարգի զարգացումը
«Ակնկալում եմ հանդիպման մասնակիցներից լսել կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք կնպաստեն ոչ միայն մրցունակ ՏՏ արտադրանքի ձևավորմանը, այլև երկարաժամկետ արդյունավետ ծրագրերի իրականացմանը»,- այս մասին նշել է վարչապետ Կարեն Կարապետյանն՝ այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) անդամների հետ հանդիպման ժամանակ:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ԻՏՁՄ-ի և ՏՀՏԳՄ-ի անդամները Կարեն Կարապետյանին են ներկայացրել ընթացիկ ծրագրերը և ոլորտի հետ կապված խնդիրները, հանդես են եկել առաջարկություններով:
Մասնավորապես, արծարծվել են Երևանի և ՀՀ մարզերի հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատություններում մասնագիտական կրթության և ձեռներեցության դասընթացների կազմակերպմանը, ինժեներական խմբակների գործունեությանը, տեխնոլոգիական համալսարանի ստեղծմանը, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին վերաբերող և հարակից այլ հարցեր:
Կառավարության ղեկավարն առանձնակի կարևորել է տեխնոլոգիական կրթական համակարգի զարգացումը՝ նշելով, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մարզերում կրթության հասանելիության և կադրերի պատրաստման խնդրին:
Վարչապետն ընդգծել է ՏՏ ոլորտի նշանակությունը տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործում և նշել, որ այն կարող է շարժիչ ուժ լինել և արդյունավետ ռեսուրս ստեղծել երկրի առաջընթացի համար: Կարեն Կարապետյանը հորդորել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին՝ հնչեցված գաղափարներն ու առաջարկությունները ներկայացնել շահագրգիռ գերատեսչություններ և հանձնարարել է պատասխանատու նախարարներին՝ ակտիվ համագործակցել նրանց հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները