Հայաստանի բանկային համակարգն ընթացիկ տարում ցուցաբերել է բավականին դրական առաջընթաց. Անդրանիկ Գրիգորյան
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի բանկային համակարգն ընթացիկ տարում ցուցաբերել է բավականին դրական առաջընթաց, ինչպես ակտիվների որակի փոփոխությունների, այնպես էլ Կենտրոնական բանկի նախաձեռնած կանոնակարգումների արդյունքում:
«Բանկային համակարգը Հայաստանում շարունակում է մնալ կայուն, ունենք վարկերի և ավանդների աճ: Դրական է այն հանգամանքը, որ ունենք թե ֆիզիկական, թե իրավաբանական անձանց ավանդների աճ: Ընդ որում, ֆիզիկական անձանց կողմից թե դրամով, թե արտարժույթով ավանդների աճ է նկատվում, ինչը խոսում է մեր բանկային համակարգի նկատմամբ ֆիզիկական անձանց վստահության մասին»,- ընդգծեց Անդրանիկ Գրիգորյանը:
Նրա փոխանցմամբ՝ դրական աճ կա նաև ակտիվների և հատկապես վարկերի տեսանկյունից:
Անդրադառնալով բանկային համակարգում կապիտալի հետ կապված հարցերին՝ վարչության պետն ասաց, որ ներկայումս բավական ակտիվ գործընթացներ են ընթանում կապիտալի համալրման ուղղությամբ: «Բանկային համակարգում տեղի է ունենում միաձուլումների գործընթաց, առաջիկայում էլ կլինեն բանկեր, որ կհայտարարեն կապիտալների համալրումների մասին: Դա մեզ համար դրական ցուցանիշ է : Ինչպես ցույց տվեց պատմությունը, դա բավականին սահուն իրականացված գործընթաց է, որ տեղի ունեցավ Հայաստանում»,- նշեց Անդրանիկ Գրիգորյանը:
Հարցին, թե կա՞ կանխատեսում, թե մինչ տարեվերջ առևտրային քանի բանկ կմնա Հայաստանում, վարչության պետն ասաց, որ հիմա բանկերի մեջ ընթանում են բավական ինտենսիվ քննարկումներ, և չի պատրաստվում բանկային գաղտնիք բացահայտել. «Շատ շուտով մենք կտեսնենք, թե ինչ է տեղի ունենում համակարգում կապիտալի համալրման հետ կապված»: