Մոուրինյո. «Ես Լուսնի վրա չեմ հայտնվել»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ուկրաինական «Զարյայի» հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումը, որում «մանկունիանցիները» հաղթել են 1։0 հաշվով։
«Այո, դժվար էր։ Մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք առաջին խաղակեսում, բայց չարեցինք դա։ Ողջ խաղի ընթացքում «Զարյան» խաղաց շատ կազմակերպված ու պաշտպանվում էր ողջ թիմով։ Մրցակիցը ցանկացած պահի կարող էր հակագրոհել։ Խաղը ծանր էր, բայց կարևորը հաղթելն էր, ինչը և արեցինք,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Առաջին իսկ րոպեներից սպասում էի, որ արագ գոլ կխփենք, սակայն դա տեղի չունեցավ։ Դրվագներից մեկում, երբ դեռ հաշիվը 0։0 էր, մեզ փրկեց Սերխիո Ռոմերոն։ Այդուհանդերձ, հավատում էինք, որ կարող ենք և պետք է հաղթենք։ Խաղադաշտ մտցրեցի թարմ խաղացողների, որպեսզի օգնեին՝ փոխելու խաղի ընթացքը։
Որոշեցի ուժեղացնել խաղը հարձակման գծում։ Խաղադաշտ մտած Մարտիալը մեր թիմին արագություն հաղորդեց, հատկապես այն ժամանակ, երբ մրցակիցն սկսել էր հոգնել։
Ֆուտբոլն այնպիսի խաղ է, երբ մեկ շաբաթվա ընթացքում կարող ես 3 անգամ պարտվել, իսկ մյուս շաբաթ 3 անգամ հաղթել։ Ես 3 պարտությունից ճնշված չէի, իսկ հիմա 3 հաղթանակի պատճառով չեմ հայտնվել Լուսնի վրա։ Առջևում «Ստոկ Սիթիի» հետ Պրեմիեր լիգայի հանդիպումն է, որը կկայանա կիրակի, և դա մեզ համար ամենակարևորն է։ Այն հեշտ չի լինի։ Կարևոր չէ, թե այժմ մրցաշարային աղյուսակի որ տեղում է գտնվում «Ստոկը»։ Ես ոչ թե մրցաշարային աղյուսակին եմ նայում, այլ խաղի որակին»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա