Նախագահն այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2016» տեխնոլոգիական ցուցահանդես
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ընկերության «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում «ԴիջիԹեք էքսպո-2016» 12-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների, սպառողների և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր, ինչպես նաև ծանոթացնել հայաստանյան տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների դաշտի իրական պատկերին, ձեռքբերումներին ու հեռանկարներին:
Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծառայություններին, այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ զրուցել նրանց գործունեության և հետագա զարգացման ծրագրերի մասին: «ԴիջիԹեք էքսպո-2016»-ին այս տարի մասնակցող ավելի քան 120 ընկերությունների շարքում տեղական հեղինակավոր ընկերություններից բացի, մասնակցում են նաև առաջատար ընկերություններ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Չինաստանից և Հնդկաստանից:
«Երևան Էքսպո»-ի առանձին սրահում ցուցահանդեսի կազմակերպիչները և ոլորտի պատասխանատուները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են ռազմարդյունաբերության մեջ կիրառվող նորարարական տեխնոլոգիաների ներդրման ընթացքը, զեկուցել ՀՀ Նախագահի հանձնարարությամբ ձևավորված ռազմարդյունաբերական համալիր-տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ ձևաչափով համագործակցության այս փուլի արդյունքներն ու առաջիկա ծրագրերը՝ ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներուժի լիարժեք օգտագործմանը` ի նպաստ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան