Արենի գինու փառատոնին ներկա են Տուրիզմի համաշխարհային կազմակերպության համաժողովի մասնակիցները
Արդեն 8-րդ տարին է Արենի համայնքում անկացվում է Արենի գինու ավանդական փառատոնը: Փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ տարեցտարի ավելանում են և գինի արտադրող ընկերությունների, և տնական գինի արտադրող անհատների մասնակցությունը:
«Այս տարի Հայաստանից գինի արտադրող 18 կազմակերպություն է մասնակցում փառատոնին, ինչպես նաև տնական գինի արտադրող մոտ 60 անհատ: Արցախից այս տարի փառատոնին երեք կազմակերպություն է մասնակցում՝ երկու գինի արտադրող և մեկ զբոսաշրջային»,- նշեց նա:
Փառատոնի տնօրենի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ գինի արտադրող 4 կազմակերպություն է ավելացել: Ըստ Ն. Մանուկյանի, արդեն տարածքի խնդիր է առաջանում:
Փառատոնի բացմանը Արենիի գյուղապետ Սերգեյ Սուքիասյանը նշեց, որ այս տոնին մեծ ուրախությամբ են սպասում արենցիները, քանի որ հնարավորություն են ունենում ներկայացելու իրենց արդար քրտինքով ստեղծած բերքն ու բարիքը:
«Աշխատասեր արենցին գինու արարման արհեստը սերնդեսերունդ է փոխանցում ու ավելի կատարելագործում»,- նշեց նա:
Արցախի «Ասկերան-վայն» ընկերության տնօրեն Գարիկ Շահրամանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք գինին արտադրում են ավանդական տեխնոլոգիաներով:
«Միայն խնդողնի տեսակի խաղողից ենք գինի արտադրում, սակայն ունենք նաև նռան այգիներ, և, հնարավոր է, շուտով սկսենք նաև նռան գինի արտադրել: Արտահանում դեռ չկա, արտադրանքը սպառվում է տեղում, սակայն մեծ ցանկություն ունենք նաև արտասահմանում ներկայացնել մեր արտադրատեսակը»,- նշեց Գ. Շահրամանյանը:
Փառատոնը համընկնում է Տուրիզմի համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի հետ, որն այս տարի անցկացվում է Երևանում: Այդ առիթով Հայաստան են ժամանել 20-ից ավելի երկրի 70 պատվիրակ:
Փառատոնին ներկա էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշեց, որ Հայաստանն առիթն օգտագործում է հյուրերին ներկայացնելու իր զբոսաշրջային պոտենցիալը: Նրա փոխանցմամբ՝ այս երկու օրերի ընթացքում, բացի Արենիից, հյուրերը կայցելեն Հայաստանի զբոսաշրջության համար առավել հետաքրքիր վայրեր, կհանդիպեն ՀՀ նախագահի, վարչապետի հետ:
Տուրիզմի համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Կառլոս Վոգելերն ասաց. «Հիացած ենք ձեր ջերմ ընդունելությամբ և հյուրասիրությամբ: Առաջին անգամ է, որ համաժողովին նմանատիպ մոտեցում է ցուցաբերվում: Կազմակերպությունը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ, քանի որ տեսնում է նրա զբոսաշրջային պոտենցիալը: Հայերը միշտ պատրաստ են սրտաբաց ընդունելության, ջերմության, ինչն էլ փնտրում է զբոսաշրջիկը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին