Հովհաննես Թումանյանի թանգարանում՝ ինչպես «Հեքիաթների աշխարհում»
Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվեց Գյոթե-ինստիտուտի կազմակերպած «Հեքիաթների աշխարհում» ինտերակտիվ ցուցահանդեսը: Այն 2012 թվականից ճամփորդել է ամբողջ աշխարհով և այս պահին արդեն գտնվում է Հովհաննես Թումանյանի թանգարանում:
Հայաստանում Գյոթե-ինստիտուտի ներկայացուցիչ Յուլիա Կրամերն ասաց, որ շատ հետաքրքիր ցուցահանդես է, ներկայացված նյութերը, հեքիաթներից հատվածները թարգմանված են նաև հայերեն:
Ըստ կազմակերպիչների, ցուցահանդեսը հետաքրքիր կլինի ոչ միայն երեխաներին, գերմաներեն լեզվի մասնագետներին, նաև ճարտարապետությամբ, դիզայնով զբաղվողների համար, քանի որ ներկայացված կայանները հետաքրքիր լուծումներով են նախագծված:
Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի խոսքով, բավականին պատահական չէ, որ հենց իրենց թանգարանն են գտել այս ցուցահանդեսը կազմակերպելու համար, ու հեքիաթների թափառող թեմաները Գերմանիայից՝ Գրիմ եղբայրների հայրենիքից բերել են Թումանյանի հայրենիք:
Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը կարևորեց ինտերակտիվ ցուցահանդեսների, ներկայացումների կազմակերպումը, քանի որ այսօրվա ժամանակներում դասական ցուցահանդեսների կողքին կարիք կա նոր մոտեցումների, երբ այցելուն, հատկապես երեխաները, իրենք էլ կարող են կազմել խաղի մաս:
Նա ասաց, որ Հայաստանի և Գերմանիայի միջև մշակութային համագործակցությունը միշտ էլ ակտիվ է եղել՝ և միջպետական մակարդակով, և Գյոթեի ինստիտուտի ու Հայաստանում գործող կազմակերպությունների, նաև անձնական մակարդակով:
Ցուցահանդեսի բացմանը գերմանական «Գալի» ինտերակտիվ թատրոնը հանդես եկավ ներկայացմամբ: Թատրոնն ընդհանուր առմամբ չորս ներկայացում է ունենալու Հայաստանում:
Ցուցահանդեսի օրերին, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 31-ը, թանգարանում ցուցադրվելու են նաև գերմաներեն ֆիլմեր: