«Թատերական Լոռի» միջազգային փառատոնը համախմբել է 14 թատերախումբ
Հոկտեմբերի 4-ին Ալավերդիում մեկնարկելու է «Թատերական Լոռի» 23-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված Հայաստանի երրորդ հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին։
Panorama.am-ին Հայաստանի թատերական գործիչների միությունից տեղեկացրեցին, որ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ճապոնիայի, Իրանի և Հյուսիսային Օսեթիայի 14 թատերախմբեր 3 տասնյակ ուշագրավ տարաժանր ներկայացումներով 10 օր անընդմեջ հանդես կգան Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի 5 քաղաքներում՝ Ալավերդիում, Վանաձորում, Ստեփանավանում, Սպիտակում և Նոյեմբերյանում, ինչպես նաև սահմանամերձ գյուղերում և զորամասերում։
Փառատոնին զուգահեռ անցկացվելու է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ նախաձեռնված շահվերդյանական բեմադրությունների հոբելյանական խաղարկումների շաբաթը: