Անի այցելողները GSM օպերատորից ստանում են «Բարի գալուստ Հայաստան» հաղորդագրությունը
Հայատյաց քարոզչությամբ զբաղվող թուրքական «ASİMDER» կազմակերպության ղեկավար, Էրզրումում Աթաթուրքի անվան համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Սավաշ Էղիլմեզը բողոքել է միջազգային GSM-ի բջջային օպերատորներից մեկի գործողություններից:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նա հայտարարել է, որ Անիի ավերակներ այցելող զբոսաշրջիկների հեռախոսներին օպերատորի կողմից ուղարկվել է հաղորդագրություն, որտեղ հայ-թուրքական սահմանամերձ ավերակ քաղաքի տարածքը համարում է Հայաստանի մաս:
Էղիլմեզը հայտարարել է, որ GSM օպերատորի ուղարկած հաղորդագրությունում նշվում է «Բարի գալուստ Հայաստան»:
«Այդ օպերատորը պատմական Անի քաղաքը ներառել է Հայաստանի սահմանների մեջ և կատարել է հայերի երազանքը»,- դժգոհել է հակահայկական կազմակերպության նախագահը:
Վերջինս հայտարարել է, որ պատրաստվում են դիմում ներկայացնել Էրզրումի նահանգային դատախազություն այդ սխալն ուղղելու պահանջով: