Տաշքենդի «Իլխոմ» թատրոնի «Յոթ լուսին» ներկայացումով կտրվի «Հայֆեստ»-ի մեկնարկը
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Տաշքենդի «Իլխոմ» դրամատիկական թատրոնի «Յոթ լուսին» ներկայացումով այսօր կտրվի «Հայֆեստ» միջազգային 14-րդ թատերական փառատոնի մեկնարկը: Փառատոնն անցկացվում է «Իրականացրու երազանքդ «Հայֆեստի» հետ» խորագրով:
Լրագրողների հետ հանդիպմանը «Իլխոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Բորիս Գաֆուրովն ասաց, որ իրենց թատրոնն առաջին անգամ է Հայաստանում, բայց մշտապես ցանկություն ունեցել են լինել Հայաստանում, խաղալ հայ հանդիսատեսի համար:
«Վերջապես այստեղ ենք և մեծ պատիվ է մեզ համար բացել փառատոնը»,- նշեց նա:
Բեմադրիչ Վլադիմիր Պանկովի «Յոթ լուսին» ներկայացումը համատեղ նախագիծ է «Իլխոմ» թատրոնի և Սաունդրամա ստուդիայի միջև՝ հիմնված Ալիշեր Նավոյի «Յոթ լուսին»-ը գործի վրա: Ներկայացումը երեք լեզվով է ռուսերեն, ուզբեկերեն և հին ուզբեկերեն, որով գրել է Ալիշեր Նավոն:
Բորիս Գաֆուրովի խոսքով՝ ներկայացման մեջ ձայնը, աղմուկը շատ մեծ տեղ են զբաղեցնում. «Կա խոսք, լույս և երաժշտություն: Բեմում լինելու են երաժիշտներ: Հատուկ երաժշտություն է գրվել»:
Մինչև հոկտեմբերի 8-ի երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 50 ներկայացում՝ դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, իրերի, տիկնիկային, մարիոնետների, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև կլինեն բացօթյա ներկայացումներ:
Ասուլիսին ներկա ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հայրապետյանն ասաց, որ թատերասեր հանրությունը հաստատ իր համար շատ կարևոր բաներ կգտնի փառատոնի ընթացքում: Ըստ նրա, նմանատիպ թատերական փառատոն հետխորհրդային երկրներից, բաց ՌԴ, միայն Հայաստանում է անցկացվում, այդ իսկ պատճառով շատ պարտավորեցնող է:
Միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը տեղեկացրեց, որ փառատոնի ընթացքում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում անցկացվելու է «Ժամանակակից թատրոնը» խորագրով գիտաժողով: Մասնակցելու են ոչ միայն հայ թատերագետներ, դասախոսներ, նաև փառատոնի շրջանակում Հայաստանում գտնվող դերասաններ, թատրոնների, փառատոների ղեկավարներ, ովքեր կկիսվեն իրենց փորձով:
Փառատոնը հյուրընկալում է 20 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի, նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Իսրայելից, Լիտվայից, Գերմանիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Ճապոնիայից, Ֆինլանդիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:
Փառատոնի նշանավոր ներկայացումներից կլինեն «Նեբոլշոյ Դրամատիկական Թատրոն»-ի «Կարամազով եղբայրներ» (Սանկտ Պետերբուրգ), Մաքսիմ Գորկու թատրոնի «Հոգիների աճուրդը» /բեմադրիչ՝ կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյան/ (Գերմանիա) ներկայացումները: Տերպսիխորայի երկրպագուների համար անակնկալ է սպասվում. կանցկացվի լեհական ծրագիր: Այն կրում է «Ժամանակակից պարի հարթակ» խորագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան