Շախմատ. «Հայաստան են եկել մարդիկ, ովքեր ուզում են մեր փորձը հասկանան և կիրառեն սեփական երկրում»
Ծաղկաձորում այսօր հավաքվել էին աշխարհի 20 երկրների ներկայացուցիչներ` «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագրով միջազգային 2-րդ կոնֆերանսին մասնակցելու համար: Առաջին կոնֆերանսը տեղի է ունեցել 2014 թ. հոկտեմբերին` Երևանում:
Գիտաժողովը կազմակերպել է Հայաստանի շախմատի ակադեմիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Կոնֆերանսի անցկացմանն աջակցում է շախմատի համաշխարհային ֆեդերացիան, Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական համալսարանը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը, ով գիտաժողովի անցկացման նախաձեռնողն է, բացման հանդիսավոր արարողության ժամանակ նշեց, որ իրենց կատարած աշխատանքները հետաքրքրել են ամբողջ աշխարհին և այստեղ հավաքված մարդիկ ցանկանում են մեր փորձը կիրառել իրենց երկրում: Կոնֆերանսը խիստ մասնագիտական է, ուստի հրավիրվածների թվում են առավել ակտիվ երկրները:
«Այսօր քննարկվելու են բազմաթիվ հարցեր, խնդիրներ և հետազոտություններ: Տարեցտարի մենք նոր խնդիրներ ենք առաջ բերում և գտնում ենք դրանց լուծումները: Բնականաբար, դա հետաքրքրում է ամբողջ աշխարհին, որ մենք կարող ենք այդ աշխատանքները կատարել և այսօր եկել են, որպեսզի լսեն մեր հոգեբաններին, սոցիոլոգներին, մանկավարժներին ու հասկանան բոլոր այն խնդիրները, թե ինչ է տալիս շախմատը երեխաներին:
Երկու տարի անց կրկին անհրաժեշտություն եղավ կոնֆերանս անցկացնել, քանի որ մենք ունենք հետազոտական կենտրոն: Կատարված աշխատանքները շատ են ու կարևոր, ուստի անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի հանրությունը իմանա և օգտագործի այդ ինֆորմացիան»,- ասաց Լպուտյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ ծրագրի շուրջ մեծանում է միջազգային հետաքրքրությունը և շատ երկրներ փորձում են իրենց դպրոցներում շախմատ առարկան դարձնել օրակարգային հարց:
«Իսկապես շատ հետաքրքիր ծրագիր է և իր էությամբ ու բնույթով` զուտ հայկական: Շախմատը երեխաներին շատ բան է տալիս: Սկսում են ինքնուրույն մտածել, կարողանում են ավելի հանգիստ նայել իրավիճակներին, փոխվում է նրանց տրամաբանությունը: Շատ կարևոր է մաթեմատիկա գիտության ընկալման տեսակետից: Որոշակիորեն միկրոդաշտ է ստեղծվում դպրոցում: Սա այն եզակի ծրագրերից է, որը բացարձակ հաջողված է և մենք չունենք որևէ բացասական անդրադարձ:
Այս կոնֆերանսը նաև միջազգային ճանաչման արձագանքն է: Տարբեր երկրներից այստեղ են հավաքվել մարդիկ, ովքեր ուզում են մեր փորձը հասկանան և կիրառեն սեփական երկրում: Աշխատանքը հետաքրքրություն է առաջացրել, ընկալելի է, հարմոնիկ ձևով է մտնում դպրոց և ծնողների ու երեխաների մոտ մեծ ընդունելության է արժանացել: Սա այն հիմքն է, որի վրա կարելի է աշխատել»,- ասաց Մկրտչյանը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Եվրոպայի շախմատի միության նախագահ Զուրաբ Ազմայպարաշվիլին: Հյուրերի թվում էր նաև Ուրուգվայի համալսարանի ռեկտորը, ով 2-րդ անգամ է Հայաստանում: Առաջին այցից անցել է 15 տարի: Նա տեղեկացրեց, որ իրենց երկրի դպրոցներում շախմատ առարկան չի դասավանդվում, սակայն ինքն այստեղ է հենց այդ նպատակով, որպեսզի կարողանա օգտագործել Հայաստանի փորձը:
«Ես ինքս մաթեմատիկոս եմ և մեծ ոգևորությամբ ընդունեցի Հայաստան գալու փաստ:
Համաձայնագիր կստորագրեմ Երևանի պետական համալսարանի հետ, որպեսզի կարողանամ օգտագործել իմ այցը` մեր հարաբերություններն ավելի ամրապնդելու համար: Ուրուգվայի նման փոքր երկիրը կկարողանա օգտագործել Հայաստանի փորձը: Վստահ եմ, Ուրուգվայում մեզ կօգնի նաև հայ համայնքը, որը շատ մեծ է մեր երկրում,- ասաց ռեկտորը:
Հավելենք, որ ծրագիրն ու մեթոդական ամբողջ բազան հայերեն լեզվով են, սակայն թարգմանչական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա