Գառնիում քաղաքացին պարզել է, որ իր փոխարեն քվեարկել են
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ Գառնիի 27/4 ընտրատեղամասում ընտրողներից մեկը եկել և պարզել է, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է:
Ըստ աղբյուրի, հանձնաժողովի ներսում տարաձայնություն է ծագել նրան քվերակելու հնարավորություն տալու և դրա մեխանիզմի հետ կապված: Ի վերջո որոշել են պարզել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, որի անդամ Գայանե Կիրակոսյանը ասել է, որ ընտրողն այլևս չի կարող քվեարկել, քանի որ նրա անվան դիմաց քվեարկված է և եթե բողոք ունի՝ թող գնա դատարան:
Թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Նաիրի Մանուկյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ԸԸՀ անդամ Կիրակոսյանը ճիշտ է ուղղորդել, և ընտրողը չի կարող մասնակցել ընտրություններին։
«Այս պարագայում խնդիրը պետք է լուծվի իրավական դաշտում և պարզվեն հանգամանքները, թե ինչպես է ստացվել, որ ուրիշի անվան դիմաց քվեարկություն է կատարվել», -մեզ հետ զրույցում ասացՄանուկյանը՝ նկատելով, որ մարդկային գործոնը կա և սխալներ հնարավոր են։