Քաղաքապետի թեկնածուները քվեարկել են Վանաձորում
«Մենք բոլոր տեղամասերում ունենք վստահված անձինք, մարդիկ, նաև կրկնակի թվով կան անձինք, ովքեր կփոխարինեն նրանց, նաև արագ արձագանքման խումբ ունենք: Ստացել ենք ընտրատեղամասերի շուրջ կուտակումների վերաբերյալ ահազանգեր, կստուգենք, թե դրանց լրջությունն ինչքան է և ինչքանով կարող է ազդել ընտրությունների ընթացքի վրա»,- այսօր Վանաձորի 30/37 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայր` Քրիստ Մարուքյանը:
Հարցին, թե լուրջ խախտումներ չե՞ն գրանցվել, Քրիստ Մարուքյանը պատասխանեց, որ անհանգստացնող տեղեկություններ դեռևս չեն ստացվել:
ՀՀԿ ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը 30/44 ընտրատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընտրատեղամասերում ուղղորդումներ չի նկատել:
«Ես ճիշտ ասած նոր եմ արթնացել, ընտանիքիս հետ եկել եմ ընտրության, և չգիտեմ քաղաքական կուսակցությունները ինչ են հայտարարում, բայց ես ճիշտ ասած անցել եմ քաղաքի երկայնքով, ուղղակի մարդկանց կուտակումներ ակտիվություն եմ նկատել: Ինչ է նշանակում` ուղղորդել և որտեղ են ուղղորդում»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:
Անդրադառնալով հաղթելու իր հնարավորություններին, Մամիկոն Ասլանյանը նշեց, որ «այսօր գնահատելու օրը չէ, այսօր սպասելու օրն է»:
Վանաձորի քաղաքապետի ՔՊ թեկնածու Արամ Խաչատրյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է «հանուն նոր Վանաձորի, հանուն նոր կյանքի, հանուն երեխաների վաղվա»:
Անդրադառնալով ՔՊ-ի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության միջև եղած կոնֆլիկտին՝ Արամ Խաչատրյանը շեշտեց, որ «չեն եղել կոնֆլիկտներ, եղել են քաղաքական գնահատականներ»։
Ինչ վերաբերում է ընտրախախտումներին, ապա Արամ Խաչատրյանը նշեց, որ ՔՊ-ն արձանագրել է խախտումներ, ընտրատեղամասերի տարածքում կուտակումներ:
«Եղել են կուտակումներ, արձանագրվել են խախտումներ 30/10 ընտրատեղամասում, երբ մարդը փորձել է նկարահանել իր քվեաթերթիկը: Կա դեպք, որ գրանցում չի ունեցել և քվեարկել է: Դա նույնպես արձանագրվել է»,-նշեց Արամ Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին