«Հայ Ֆեստ»-ում այսօր «Մաքսիմ Գորկու» թատրոնի (Գերմանիա) «Հոգիների աճուրդն» է
«Հայ Ֆեստ» միջազգային 14-րդ թատերական փառատոնի շրջանալում այսօր Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կցուցադրվի «Մաքսիմ Գորկու» թատրոնի (Գերմանիա) «Հոգիների աճուրդ» ներկայացում-դասախոսությունը՝ կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանի ռեժիսուրայով:
Լրագրողների հետ հանդիպմանը Արսինե Խանջյանն ասաց, որ ներկայացումը պատրաստվել է Բեռլինում երեք շաբաթվա ընթացքում: Ներկայացման մեջ խաղում են հենց «Մաքսիմ Գորկու» թատրոնի դերասանները: Նման ներկայացմամբ հանդես գալու առաջարկություն Արսինե Խանջյանը ստացել է թատրոնի տնօրենից:
««Մաքսիմ Գորկին» պետական թատրոն է, այսինքն հավելյալ հետաքրքրական է նման ներկայացմամբ հանդես գալը: Այսօր փաստերով արդեն գիտենք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության և Գերմանիայի դաշնակցային հարաբերությունների մասին, այսինքն Գերմանիան նույնպես իր մասնակցությունն է ունեցել Ցեղասպանությանը, իսկ արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ինքն է իրականացրել ցեղասպանության հրեաների նկատմամբ»,- նշեց նա:
Ներկայացումը Գերմանիայում արդեն ցուցադրվել է երկու անգամ՝ անգլերեն և գերմաներեն:
«Ավրորա Մարդիգանյանի պատմությամբ գերմանացիները ծանոթացան նաև իրենց պատմությանը»,- ընդգծեց Ա.Խանջյանը:
Դերասանուհի Էլմիրա Վահրամին նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել Ցեղասպանությունից փրկված Ավրորա Մարդիգանյանի պատմությունը: Ըստ նրա, շատ կարևոր է այս պատմության ներկայացումը հենց Գերմանիայում:
Դերասան Թաներ Շահինթյուրքը, ով նախ ասաց, որ ինքն արմատներով թուրք է, բայց ծնվել և մեծացել է Գերմանիայում, ապա նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել այս հրաշալի և իմաստալից ներկայացման մաս, այսպես նաև ինչ-որ չափով իր հերթին կփոխհատուցի իր նախնիների կատարած ոճրագործության համար:
«Իմանալով, թե Թուրքիայում ինչպես են վերաբերում այս պատմությունը՝ հերքում են, չեն ընդունում, մերժում եմ, իբրև դերասան իմ ջանքերն եմ ներդնում ներկայացման միջոցով իմ ազգակիցների կեցվածքը փոխելու ուղղությամբ»,- ասաց դերասանը:
Թուրք արմատներով դերասանի խոսքով՝ մեծ պատիվ է իր համար լինել Հայաստանում ու հենց այս ներկայացմամբ:
«Երեկ գնացել եմ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Բառեր չեմ գտնում ճիշտ արտահայտելու այն, ինչ զգացել եմ երեկ»,- ասաց նա՝ հավելելով, որ լավ կլինի այս ներկայացումը բեմադրել նաև Թուրքիայում:
Արսինե Խանջյանն ասաց, որ գերմանական թատրոնի տնօրենը նույնպես նման ցանկություն ուներ, կապեր էլ ունեն Թուրքիայում, սակայն հուլիսի 16-ին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո այսօր, համենայնդեպս, արգելքներ կլինեն:
Ավրորա Մարդիգանյանի իրական անունն Արշալույս Մարտիկյան էր։ Նա ծնվել է 1901թ. Դերսիմ գավառի Չմկածագ քաղաքում (այժմյան Թուրքիայի Թունջելիի գավառ), ունևոր ագարակատիրոջ և մետաքսագործի ընտանիքում։ Արշալույսը ութ երեխաներից երրորդն էր։ Նա մահացավ 93 տարեկանում Կալիֆորնիայի ծերերի խնամքի կենտրոններից մեկում: Իր կյանքն ապրել է՝ հաղթահարելով մանկության սարսափելի հուշերն ու զրկանքները և ուժ գտնելով իր մեջ այլոց օգնելու համար:
1918թ. Նյու Յորքում անգլերեն լեզվով լույս է տեսավ Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը` «Հոշոտված Հայաստան» խորագրով, ուր հեղինակը` ցեղասպանությունը վերապրած չմշկածագցի Ավրորա Մարդիգանյանը, պատմում է աքսորի ճանապարհի իր սարսափները: Կորցնելով ծնողներին, քույրերին ու երեք եղբայրներին, որոնք գազանաբար սպանվեցին իր աչքերի առջև, 14-ամյա Արշալույսը տարագրության ընթացքում խոշտանգվել ու պատվազրկվել է թուրք և քուրդ պաշտոնյաների ու ցեղապետերի հարեմներում. նա պատմում է իր տեսած արյան խրախճանքների ու մարդկային պատկերացումից դուրս դաժանությունների մասին: Նա` հայկական Ժաննա դԱրկը, ինչպես նրան անվանեցին ԱՄՆ-ում, կրելով երկու տարվա մղձավանջային սարսափները, հավատափոխ չեղավ և փախչելով թուրք Քեմալ էֆենդիի հարեմից, երկար թափառումներից հետո 1917թ. գարնան սկզբներին հասավ Էրզրում, այնտեղից անցավ Պետերբուրգ, ապա և` ԱՄՆ, Նյու Յորք, ուր և բնակություն հաստատեց:
«Հոշոտված Հայաստան» գիրքն արդեն պատրաստ էր, երբ 1918թ. Կալիֆորնիայում, ամերիկյան Մետրո Գոլդվին Մեյեր կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելը նկարահանեց «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը, որը Մեծ եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն էր: Ֆիլմն առանձնահատուկ է նրանով, որ սցենարի հեղինակն ու գլխավոր դերակատարը հենց ինքը` Արշալույս Մարտիկանյանն է, ով նաև մեծապես աջակցել է ինչպես դերասանների հագուստների և կերպարների ստեղծման, այնպես էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին:
Հարակից հրապարակումներ`
- «Նրան համարում են Հայաստանի Ժաննա դ'Արկ»
- Հրատարակել է Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը՝ հայերեն թարգմանությամբ