Ֆիրդուս Զաքարյան. Ամեն մարդ ինքն է որոշում՝ գնա՞լ, թե՞ մնալ Սիրիայում
Այս պահին Սիրիայում 13-14 հազար հայ է ապրում, կեսը՝ Հալեպում: Panorama.am-ին նման թվեր տրամադրեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Վերջին օրերին Հալեպի հրթիռակոծությունների հետևանքով բազմաթիվ զոհերի թվում հայեր էլ կան: Իրավիճակը թելադրում է հալեպահայերի անհապաղ դուրս բերում քաղաքից:
«Սա առաջին դեպքը չէ, որ Հալեպում հայկական թաղամասեր են ռմբակոծվում, և ամեն նման միջադեպից հետո ունեցել ենք որոշակի կորուստներ»,-ասաց պաշտոնյան:
Ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունը մեր հայրենակիցներին կրակի ճիրաններից դուրս բերելու համար: Զաքարյանը պատասխանեց, դուրս գալու հետ կապված հարցերը որոշում են հենց իրենք:
«Այստեղի ղեկավարությունն, արդեն մեկ ու կես տարի է, ունի այն դիրքորոշումը, որ ամեն մարդ ինքն է որոշում, գնա՞լ, թե՞ մնալ Սիրիայում, մինչ այդ ամեն ջանք գործադրել է, որ համայնքը չքայքայվի, գոյատևի: Բայց հիմա իրավիճակն այնպիսին է, որ չենք կարող ասել՝ հանուն համայնքի պահպանման մնացեք այդտեղ: Հիմա ովքեր ցանկություն ունեն, գնում են: Միայն ղեկավարությունը հայտարարել է, որ եթե գնալու եք, ապա գնացեք Հայաստան»,-իրավիճակն այսպես ներկայացրեց Զաքարյանը:
Սիրիայից դուրս գալու ցանկություն հայտնածներն ունե՞ն այդ հնարավորություն:
«Այն ընտանիքները կամ անհատները, որոնք Սիրիայից դուրս գալու համար միջոցներ չունեն, դիմում են «Հալեպ» հայրենասիրական բարեգործական կազմակերպություն, նրանց հայտերն ընդունում են, հերթագրում, համապատասխան գումար գտնելու պարագայում, առաջարկում են նրանց դուրս գալ: Իհարկե, այդ գումարները շատ չեն, որ կարողանան միանգամից 150-200 մարդ դուրս բերել, բայց հերթականությամբ գնում են»,-ասաց Զաքարյանը:
Հարցրեցինք, թե այս պահին քանի մարդ է ցանկություն հայտնել դուրս գալ Հալեպից, երջին շաբաթվա ընթացքում քանի հայ է Հալեպից հայրենիք վերադարձել: Աշխատակազմի ղեկավարն ասաց, հալեպահայրը նախ Լիբանան են հասնում, այնտեղից Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան տեղափոխվում:
«Դե ամեն ինքնաթիռի մեջ լինում են, հենց հիմա մենք չենք չափել, թե նախորդ շաբաթվա չվերթներում Սիրիայից քանի մարդ է եղել: Ես նման հստակ թիվ ասել չեմ կարող: Մոտ երկու ամիս առաջ «Հալեպ» կազմակերպության կողմից 80 մարդ տեղափոխվել է Երևան»,-ասաց նա:
Ֆ. Զաքարյանը տեղեկացրեց, որ այս պահին բեռնվում են Հալեպ մեկնելիք երկու օդանավերը: Դրանք այս գիշեր կամ վաղը ցերեկ հալեպահայերին կհասցնեն առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ սնունդ, հագուստ, կոշիկ, դեղորայք, ծխախոտ:
Հնարավո՞ր է ինքնաթիռները վերադառնալիս ուղևորներ տեղափոխեն: Զաքարյանն ասաց, դրանք բեռնատար օդանավեր են:
«Նման հատուկ նպատակ դրած չէ: Եթե լինեն վիրավորներ, ովքեր ցանկանան վերադառնալ Հայաստան, ապա տեղում կարգավորվող հարցեր են»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում հրթիռակոծությունները շարունակվում են
- Հրապարակվել են Հալեպում հրթիռակոծության հետևանքով զոհված ու վիրավորված հայերի անունները
- Հայտնի են Հալեպում զոհված հայերի անունները
- Հալեպում հայաբնակ թաղամասերը հրթիռակոծության են ենթարկվել
- Հալեպահայ զինվորներ են վիրավորվել և առևանգվել
- Ֆինանսական միջոցներից զրկված 550 հալեպահայ սպասում է Երևան հասնելու իր հերթին
- Հալեպահայերը խնդրում են օգնել իրենց մեկ ուղղությամբ թռիչքի տոմս ձեռք բերել. «Հալեպ» ՀԿ
- Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել սիրիահայերին, բայց ինչո՞ւ նրանք չեն ցանկանում գալ
- Սիրիահայի մտորումներ. Ինչպես դուրս գալ Հալեպից
- Հալեպահայերը մեր կարիքն ունեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան