Ճարտարապետների միջազգային օրն է
Այսօր Ճարտարապետների միջազգային օրն է: Այն նշվում է 1985 թվականից: Օրը սահմանել է Ճարտարապետների միջազգային միությունը: 1996 թվականից մասնագիտական այս տոնը նշվում է հոկտեմբերի առաջին երկուշաբթի օրը: Հայաստանում պետական մակարդակով ճարտարապետների միջազգային օրն առաջին անգամ նշվել է 2014 թվականին:
Երիտասարդ ճարտարապետ Անահիտ Սամսոնյանը Panorama.am-ի հետ զրույցում մասնագիտական օրվա առիթով իր գործընկեր ճարտարապետներին մաղթեց համբերություն:
Իր և իր գործընկերների համար, ըստ նրա, ոլորտում ամենաառաջնային խնդիրը, որ լուծման կարիք ունի, նախագծերի վերահսկումն է:
«Նախագծերի վերահսկում շատ վատ է իրականացվում: Երևանում, ով ունի իշխանական կապեր, ինչ ուզում, անում է: Երբ նախագիծ է արվում, ընդհանրապես, հաշվի չի առնվում քաղաքաշինական ինչ միջավայրում է արվում, թույլատրելի է, թե ոչ, պատմամշակութային ինչ կոթողների հիմքերի վրա է արվում»,- նշեց Ա.Սամսոնյանը:
Ըստ ճարտարապետի, խնդրի լուծման մի քանի եղանակ կա: Նա նախ նշեց հասարակության պատասխանատվության զգացումը. «Հասարակությունն ավելի շատ պետք է իրեն պատասխանատու զգա իր շուրջ իրականացվող շինարարական աշխատանքների հետ կապված: Իր քաղաքը պետք է ընդունի որպես իր տունը: Պետք է լինեն համախմբված»:
Խնդրի լուծման մեկ այլ տարբերակ, բնականաբար, համարում է վերահսկողական մեխանիզմների մշակումը:
«Բայց այսօրվա դրությամբ կասկածում եմ, որ այս ոլորտն ինչ-որ մեկը կվերահսկի»,- ընդգծեց նա:
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն իր գործընկերներին նույնպես մաղթեց համբերություն, նպատակասլաց գործելակերպ:
Ըստ նրա, ճարտարապետներին այսօր ամենաշատն անհանգստացնում է այն, որ օրենսդրական դաշտը կարգավորված չէ:
«Խոսքը վերաբերում է ճարտարապետական գործունեությանը: Այս պատճառով են խնդիրներ առաջանում: Ոչ մեղավորն է պատժվում, ոչ արդարը պարգևատրվում: Այս հարցը տարիներ շարունակ բարձրացնում ենք, օրենսդրական փաթեթ ենք պատրաստել, չի հաջողվում մտցնել կառավարություն: Անընդհատ ասում են՝ այս տարի կլինի, այս տարի կլինի, բայց ուշացնում են»,- ասաց նա:
Սաշուր Քալաշյանի խոսքով, ճարտարապետների գործունեությունը ոչ հսկող ունի, ոչ կառավարիչ, ոչ ոք չի կարող ասել, թե քանի ճարտարապետ կա Հայաստանում, ով ինչ գործ է անում:
Ըստ երիտասարդ ճարտարապետ Ա. Սամսոնյանի՝ ոլորտը լճացած է, անհատ ճարտարապետները պատվերներ քիչ են ստանում:
«Ընկերություններ կան, որոնք հիմնական պատվերներն իրենք են վերցնում, անհատ աշխատողներին քիչ հնարավորություն է տրվում»,- հավելեց Ա.Սամսոնյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան