«ՌեԱնիմանիայի» շրջանակներում 2 կրթաթոշակ է սահմանվել երիտասարդ անիմատորների վերապատրաստման համար
«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը հայտարարում է, որ «ՔԱՍՍարտ փրոդաքշնի» և Անգուլեմի (Ֆրանսիա) անիմացիոն դպրոցի (EMCA – École des Métiers du Cinéma d’Animation) համագործակցության արդյունքում այս տարի 2 կրթաթոշակ է սահմանվել երիտասարդ անիմատորների վերապատրաստման համար։
Փառատոնի հասարակության հետ կապերից տեղեկացնում են, որ առաջին կրթաթոշակը հնարավորություն է տալիս 2017թ. հունվարին 1 ամսով վերապատրաստման դասընթացի մեկնել Անգուլեմի անիմացիոն դպրոց։ Դասընթացի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա, CG 2D, 3D, stop motion, cut animation և այլ անիմացիոն հմտություններ։ Հայաստանյան մասնակիցը կմիանա մի խումբ երիտասարդ անիմատորների, որպեսզի 1 րոպե տևողությամբ անիմացիոն ֆիլմ ստեղծի. դասընթացը վարող մասնագետների վերահսկողությամբ որևէ թիմի միանալու կամ ինքնուրույն աշխատելու ընտրությունը մնում է երիտասարդի հայեցողությանը։
Երկրորդ կրթաթոշակը հնարավորություն է տալիս 2017թ. մայիս և հունիս ամսիներին 1,5 ամսով վերապատրաստման դասընթացի մեկնել Անգուլեմի անիմացիոն դպրոց։ Դասընթացի շրջանակում կուսուցանվի ավանդական 2D անիմացիա։
«ՌեԱնիմանիա» երիտասարդ անիմատորների վերապատրաստման դասընթացի կրթաթոշակին կարող են դիմել 18-26 տարեկան բոլոր ցանկացողները՝ լրացնելով դիմում-հայտը հետևյալ հղումով:
Կրթաթոշակին կարող են դիմել և ուսման մեկնել բացառապես ՀՀ քաղաքացիներ՝ միայն «ՌեԱնիմանիա» փառատոնի միջոցով ու երաշխավորությամբ։ Ընտրված մասնակիցները պետք է ունենան իրենց անձնական համակարգիչները, իսկ դասընթացի համար անհրաժեշտ մյուս բոլոր պարագաները կտրամադրի Անգուլեմի անիմացիոն դպրոցը։ Բացի այդ, մասնակիցները պարտավորվում են հոգալ միայն իրենց մուտքի արտոնագրի և կեցության ծախսը:
Դիմումները կընդունվեն սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 25-ը ներառյալ։ Կրթաթոշակներին դիմած երիտասարդները պարտավոր են ներկա գտնվել փառատոնի փակման արարողությանը, որի ժամանակ էլ կհայտարարվեն կրթաթոշակին արժանացած երիտասարդ անիմատորների անունները։
«ՌեԱնիմանիա» անիմացիոն կրթաթոշակի համար մրցույթն անցկացվելու է ամեն տարի։ Կրթաթոշակին աջակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Հանրային դրամահավաք՝ «ՌեԱնիմանիան» անկախ պահելու համար
- «ՌեԱնիմանիա»-ի շրջանակներում ՀՀ-ից երկու երիտասարդ կմեկնի Ֆրանսիա՝ վերապատրաստվելու
- «ՌեԱնիմանիա» կրթաթոշակ. կինոփառատոնը ներկայանում է նորություններով