Գուրգեն Խանջյան. Ոլորտը պետք է լրջացվի
Մեզ պակասում է մշակույթը, արվեստը լավ տեսնողների, լավ ճանաչողների ներկայությունը մշակույթի նախարարությունում, կամ կառավարությունում, կամ իշխանական թևում՝ մարդիկ, ովքեր կարող են ճիշտ խորհրդատվություն տալ,- լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց արձակագիր Գուրգեն Խանջյանը:
Ըստ նրա, այսօր պետք է ավելի քիչ ուշադրություն դարձվի փուչիկային բաների վրա, ոլորտը պետք է լրջացվի:
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի խոսքով՝ մշակույթի նախարարությունը ոչ միայն պետական մշակութային քաղաքականություն վարող ինստիտուտ է, մշակութային ժառանգությունը պահողն ու պահպանողը, նաև անցյալի մշակույթը պահելով՝ պետք է ունենա այս օրը տեսնելու ունակություն:
«Այսօր, ցավոք սրտի, մենք չունենք ինչ պետություն, կառավարում, ինչպիսի երկիր ենք ուզում, որտեղ մշակույթը ինչ հարթակ պետք է գրավի, ինչ գործառույթ պետք է ունենա: Մենք կորցրել ենք ամենակարևորը՝ հանդիսատեսին, ընթերցողին, ունկնդրին, մեծ, գլոբալ առումով մշակութային քաղաքականության պակասի պատճառով»,- ասաց դրամատուրգը:
Ասուլիսին ներկա դերասանուհի Կարինե Ջանջուղազյանն ասաց, որ ոչ միայն մշակույթի ոլորտներին վերաբերող օրենքներ չեն մշակվում, նաև չի վերահսկվում մշակույթը, մշակութային գործունեությունը:
«Կամենում եմ, պահանջում եմ մեր մշակույթի նախարարությունից անաչառ վերահսկում մշակույթի բոլոր ոլորտներում: Համատարած ռաբիսություն է, համատարած ռաբիսության վիրուստը պատել է մեր հանրության գերակշիռ մասին: Այդ ռաբիսությունը միայն երգարվեստում չէ, տիրում է և թատրոնում, և հեռուստատեսային նախածերում, և կինոյում: Արվեստի յուրաքանչյուր ճյուղ, արվեստի յուրաքանչյուր գործ ի զորու է մարդու մեջ հպվել հոգու ամենախոր շերտերին, փոխելու մարդու բնույթը, աշխարհայացքը, մտածելակերպը:
Ռաբիսությունը կարող է մեր հասարակությանը մեծ վնասներ հասցնել»,- ասաց դերասանուհին: