Հաղթանակ տոնած Լևոն Արոնյանը պարտիայի տարբերակը մշակել է 2 րոպեի ընթացքում
Միխայիլ Տալի հուշամրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել մրցաշարի միանձնյա առաջատար Անիշ Գիրիի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Մրցակիցները խաղարկել են անգլիական պաշտպանության ոչ ստանդարտ տարբերակ: Սպիտակներով խաղացող Արոնյանը կարողացել է ստանալ խոստումնալից խաղ կենտրոնում: Խաղալով ստեղծարգործական ոճով` Արոնյանը հասել է որոշիչ առավելության:
Խաղից հետո Արոնյանը նշել է, որ խաղաքարերի նման դասավորվածությունը լավագույնը չէ և որ նա այս տարբերակը մշակել է առավոտյան` երկու րոպեի ընթացքում, սակայն մեկ առանձին պարտիայի համար այն բավարար է եղել:
6-րդ տուրում հաղթանակներ են տոնել նաև մրցաշարում հանդես եկող Ռուսաստանի 4 ներկայացուցիներից երեքը: Յան Նեպոմնյաշչին հաղթել է Շահրիյար Մամեդյարովին, Վլադիմիր Կրամնիկը առավելության է հասել Բորիս Գելֆանդի նկատմամբ, իսկ Պյոտր Սվիդլերը հաղթել է Չաո Լիին: Տուրի միակ ոչ-ոքի արդյունքը գրանցվել է Եվգենի Տոմաշևսկի-Վիշվանաթան Անանդ պարտիայում:
6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է Յան Նեպոմնյաշչին: Անիշ Գիրին վաստակած 4 միավորով 2-րդն է: Արոնյանը վաստակել է 3.5 միավոր և Վլադիմիր Կրամնիկի ու Վիշվանաթան Անանդի հետ բաժանում է 3-ից 5-րդ տեղերը: