Երեք կուսակցություններ Վանաձորում կարող են ՀՀԿ-ին դարձնել ընդդիմադիր ուժ. Մարուքյան
Հոկտեմբերի 2-ին Վանաձորում տեղի ունեցած ավագանու անդամի ընտրություններում «Լուսավոր Հայաստանը» ստացած շուրջ 11 հազար ձայնի հետ միասին, ստացել է ամբողջ Վանաձորի աջակցությունը։ Այսօր Վանաձորում կազմակերպված ասուլիսում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանը։
Նա վստահեցրեց, որ բոլոր տեղամասերում իրենց տված ձայները պահել են, արդյունքում արձանագրել «լուրջ ցուցանիշ»։
«Անկախ այդ ձայների քանակից, խոստանում ենք դրանք լավագույնս կիրառել Վանաձորի զարգացման համար։ Առայժմ հայտնի չէ, թե շարունակությունը ինչ ձևաչափով կլինի, բայց ամեն դեպքում մնալու ենք հավատարիմ մեր խոստումներին՝ աշխատելու ենք հանուն Վանաձորի զարգացման», -հայտարարեց Մարուքյանը։
«Մենք Վանաձորում կասեցրել ենք Հանրապետական կուսակցության հաղթանակը։ ՀՀԿ-ն չի հաղթել Վանաձորում. Ստացել է մոտ 38 տոկոս ձայն, իսկ Լուսավոր Հայաստանը՝ 28 տոկոս ձայն, վանաձորցիների մյուս ձայներն ուղղվել են այլ քաղաքական ուժերին, այսինքն՝ չեն տրվել ՀՀԿ-ին։ ՀՀԿ-ին տրված ձայների մեջ պետք է հաշվի առնել կարուսելները», -իր հերթին հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նա նկատեց, որ այսօր հնարավորություն կա թույլ չտալ կարուսելի միջոցով ընտրված մարդկանց կառավարել Վանաձորը, իսկ այդ հնարավորությունն ունեն երեք ուժեր՝ «Լուսավոր Հայաստանը», «Հայկական Վերածնունդը» և «Բարգավաճ Հայաստանը»։
Ընտրությունների նախնական արդյունքներով, Հանրապետական կուսակցությունը ստացել է 13 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»՝ 10 մանդատ, «Հայկական վերածնունդը»՝ 5 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3 մանդատ, իսկ ՀՅԴ-ն՝ 2 մանդատ։
«Տեսեք՝ ինչ է ստացվում, որպես կոալիցիա ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին ունեն 15 մանդատ, որով հնարավոր չէ ընտրել Վանաձորի քաղաքապետին, դրա համար անհրաժեշտ է 17 մանդատ, իսկ մյուս երեք կուսակցությունները միասին ունեն 18 մանդատ, և մենք երեքով կարող ենք Վանաձորում ՀՀԿ-ին դարձնել ընդդիմադիր ուժ։ Սա շատ ռեալ ուժ է, շանս է», -հայտարարեց Մարուքյանը։
Մարուքյանի խոսքով, կա «բացառիկ հնարավորություն» այդ երեք ուժերով ձևավորել տեղական մասշտաբի կոալիցիա ու սկսել Վանաձորի զարգացումը։
«Կարող ենք միասին փուլ առ փուլ քաղաքը հանել այս վիճակից», -հայտարարեց Մարուքյանը՝ պաշտոնապես առաջարկելով ԲՀԿ-ին ու ՀՎԿ-ին միասին ձևավորել կոալիցիա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան