Աբրահամ Խաշմանյան. «Հպարտ եմ, որ «Ալաշկերտից» հինգ ֆուտբոլիստ հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում»
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շարունակում է վստահ մրցելույթներ ունենալ Հայաստանի առաջնությունում: Ֆուտբոլիստների վստահ խաղը նկատելի է և զարմանալի չէ, որ միանգամից 5 ֆուտբոլիստներ` դարպասապահ Արսեն Բեգլարյանը, պաշտպաններ Վահագն Մինասյանն ու Անդրանիկ Ոսկանյանը, կիսապաշտպաններ Արտակ Գրիգորյանն ու Կարեն Մուրադյանը, հրավիրվել են ազգային հավաքական` մասնակցելու հոկտեմբերի 8-ին և 11-ին կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիայի և Լեհաստանի հավաքականների հետ կայանալիք հանդիպումներին: Արտակ Եդիգարյանը ևս կարող էր մասնակցել վերոնշյալ խաղերին, սակայն Հայաստանի առաջնության «Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպման ժամանակ վնասվածք էր ստացել:
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր ֆուտբոլիստներն իսկապես արժանի են խաղալ հավաքականի կազմում, քանի որ լավ աշխատանք են կատարել:
«Շատ ուրախ եմ և հպարտ, որ «Ալաշկերտից» հինգ ֆուտբոլիստ հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Շատ մեծ պատիվ է մեզ համար: Իմ ֆուտբոլիստների համար շատ ուրախ եմ: Դա նշանակում է, որ, առաջին հերթին, մարդիկ արժանի են հավաքական հրավիրվելուն` չեմպիոն են, սուպերգավաթակիր, գտնվում են լավ մարզավիճակում: Դրա հետ մեկտեղ մեր շնորհքն էլ կա, քանի որ մենք լավ աշխատանք ենք կատարել: Հույս ունեինք, որ Արտակ Եդիգարյանի վնասվածքը լուրջ չէ, սակայն եթե նրա փոխարեն արդեն այլ ֆուտբոլիստ են հրավիրել, ուրեմն ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան մտածում էինք»,- ասաց Խաշմանյանը:
Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում 2-րդ տեղում ընթացող «Ալաշկերտն» ուժերը կչափի առաջատարի` «Շիրակի» հետ: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին:
«Այս շրջանում առաջատար հասկացությունը հարաբերական է: Պատրաստվում ենք սովորականի նման, ինչպես յուրաքանչյուր հանդիպման: Մենք ուժեղ թիմ ենք, ի՞նչ ունենք մտածելու»,- նշեց Խաշմանյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» օրեր նվաճել էր Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը` «Բանանցի» հետ անչափ բարդ պայքարում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում առավել հաջող գտնվելով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա