Իրանի Մեջլիսի նախագահը հրաժարվել է ընդունել Գերմանիայի փոխկանցլերին
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր Թեհրանում նախատեսված էր Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի և Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելի հանդիպումը, որը սակայն իրանական կողմը չեղյալ է հայտարարել:
Իրանի Մեջլիսի նախագահը հրաժարվել է ընդունել Գերմանիայի փոխկանցլերին,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Զիգմար Գաբրիելը Իրան կատարած այցից օրեր առաջ Իրան-Գերմանիա հարաբերությունների վերաբերյալ հարցազրույց էր տվել, որտեղ նշել է, թե երկկողմ հարաբերություններն այն պայմաններում կկարգավորվեն և բարեկամական կդառնան, երբ Իրանն Իսրայելը կճանաչի որպես պետություն:
Գերմանիայի փոխկանցլերը նաև խոսել էր Իրանում մարդու իրավունքների մասին:
«Թասնիմ» լրատվական գործակալությունը, հղում կատարելով գերմանական «Թագս Շպիգել» պարբերականին, հավելել է, որ նախօրեին Գերմանիայի փոխկանցլերն այցելել է Իրան, որտեղ ի թիվս այլ պաշտոնյաների նախատեսված էր նաև հանդիպում խորհրդարանի խոսնակի հետ, որը սակայն Զիգմար Գաբրիելի՝ Իրանի վերաբերյալ արած հայտարարությունների պատճառով իրանական կողմը չեղյալ է հայտարարել: