Ձեր հանձնաժողովն ընտրական գործընթացում խաղացող չէ. Արամ Մանուկյան՝ ԿԸՀ նախագահին
«Ընտրությունների վերաբերյալ ներկայացված գնահատականներին բացարձակապես համամիտ չեմ, ձեր սուբյեկտիվ գնահատականներն են»,- Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ԿԸՀ նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, թե՝ «2011 թվականից աշխատում եք ԿԸՀ նախագահ, 2012-ին, 2013-ին, 2015-ին տեղի են ունեցել խայտառակ ընտրություններ, անաստված ձևով կեղծվել են, բոլորը գիտեն: 2015 թվականի հանրաքվեից հետո պահանջեցինք պատահական ընտրությամբ 5 տեղամասում վերահաշվարկ կատարել, մերժեցիք: Սա ապացուցում է, որ ԿԸՀ-ն պարտակում է ընտրակեղծարարությունների հետ կապված հանցագործությունները»:
Տ.Մուկուչյանի խոսքով՝ ընտրություններից հետո եղել են բազմաթիվ վերահաշվարկի դիմումներ, որոնք բոլորը քննարկվել են, իրականացվել են վերահաշվարկներ, սակայն ընտրությունների արդյունքները չեն փոփոխվել:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երբևէ որևէ խնդիր չի ունեցել պարտակելու առավել ևս որևէ հանցագործություն»,- ընդգծեց ԿԸՀ նախագահը:
Ըստ նրա, ընտրութունների ժամանակ պատկերացնել իդեալական վիճակ, ոչ մի խախտում, բնավ այդպես չի կարող լինել, բայց միշտ պետք է գնահատվի տվյալ խախտումների ազդեցությունն ընտրության արդյունքի տեսանկյունից:
ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի խոսքով, ԿԸՀ հանձնաժողովն ունի խիստ բացասական ռեյտինգ:
«Ձեր հանձնաժողովն ընտրական գործընթացում խաղացող չէ, դուք ընտրական պրոցեսների վրա ազդելու բացարձակ ազդեցություն, կամք, ցանկություն չունեք, ընդամենը կից կառույց եք, որն արձանագրում է այն, ինչ պետք է արձանագրվի»,- ասաց Արամ Մանուկյանը՝ անելով հետևյալ հարցադրումը՝ որտե՞ղ է ձեր նախաձեռնողականությունն այդ դաշտում խաղացող լինելու համար:
Տ. Մուկուչյանն ասաց, որ ինչպես ցանկացած պետական մարմին, այնպես էլ ԿԸՀ-ն, իրավասու է իրականացնել այն գործողությունները, որոնք ամրագրված են օրենսդրությամբ:
«Օրենսդրությունը հստակ սահմանել է այն իրավասությունների շրջանակը, որն ունի հանձնաժողովը»,- ընդգծեց նա:
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ի վրա միակ ճնշումն օրենքով ամրագրված նորմերն են. ԿԸՀ նախագահ
- Թիվ մեկ խնդիրն ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացումն է. Տ. Մուկուչյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին