ԿԸՀ-ի վրա միակ ճնշումն օրենքով ամրագրված նորմերն են. ԿԸՀ նախագահ
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և նախագահի հետ կապված միակ ճնշումն օրենքով ամրագրված նորմերն են, որևէ այլ ճնշման մասին խոսք լինել չի կարող»,- Ազգային ժողովում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկմանն ասաց ԿԸՀ նախագահի թեկնածու Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին, թե համարո՞ւմ եք, որ դուք ձեր գործառույթները մինչև վերջ կատարում եք ազնվորեն, ի՞նչ եք պատրաստվում անել ձեր կախվածությունը իշխող քաղաքական ուժերից թուլացնելու ուղղությամբ:
Խոսելով հանրային վստահության բարձրացման մասին, Տ. Մուկուչյանը նշեց, որ թիվ մեկ խնդիրը լիակատար թափանցիկության ապահովումն է:
Ըստ նրա, հանրային վստահության առումով հսկայական աշխատանք արվել է, գուցե պետք է ավելի հրապարակային դարձվեն գործընթացները, գուցե պետք է գտնվեն ավելի նոր մեխանիզմներ առավելագույն թափանցիկություն ապահովելու համար:
Տ. Մուկուչյանը համակարծիք չէ, որ հանրային վստահությունը նվազել է, ընդհակառակը, ըստ նրա, բարձրացել է, ինչն արդյունք է հրապարակային գործընթացների, մեխանիզմների, որոնք կյանքի են կոչվել:
«Նոր Ընտրական օրենսգրքում ամրագրվածը, որպես լրացուցիչ գործիքներ, առավելագույնս ապահովելու են այդ գործընթացի ամբողջական հրապարակայնությունը, ինչը կյանքի կոչելու պարագայում կդառնա երաշխիք քայլ, որպեսզի հանրային վստահությունը բարձրանա»,- ասաց Տիգրան Մուկուչյանը: