Վարչապետի խոսքերը պետք է ընդունել որպես իրողություն. Վարդան Արամյան
«2017 թվականի բյուջեի նախագծման համար հաշվի ենք առել ընդհանուր տնտեսական միջավայրը, փորձել ենք ներկայացնել խելամիտ բյուջե, որը ճշգրիտ կարտացոլի մեր տնտեսական իրականությունը»,- այս մասին այսօր իր առաջին ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը, թե «մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է»՝ նախարարը նշեց, որ վարչապետի այդ խոսքերը պետք է ընդունել որպես իրողություն, բայց դա բնավ չի նշանակում, որ ապագայի նկատմամբ պետք է ձևավորել բացասական սպասումներ: «Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որը միայն Հայաստանի տնտեսությանը յուրահատուկ չէ: Ամբողջ աշխարհում է այդպես, թե զարգացող երկրներում, թե տարածաշրջանի երկրներում նման իրավիճակ է դրսևորվում»,- ասաց Վարդան Արամյանը:
Իսկ պատճառը, ըստ նրա, երկուսն են: Առաջինը՝ ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են, իսկ Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերն է, հիմնական դրամական փոխանցումները կատարվում են ՌԴ-ից և, բնական է, որ դա պետք է բացասական ազզեցություն ունենար մեր տնտեսության վրա:
Երկրորդ խնդիրը վերաբերում է համաշխարհային շուկայում հումքային ապրանքների գների նվազմանը: «Հայաստանը հումք արտահանող երկիր է, մեր արտահանման շուրջ 50%-ը հանքահումքային ապրանքներն են և նույն ծավալի հումք արտահանելու դեպքում ավելի քիչ արտարժույթ ենք ստանում: Արդյունքում՝ միայն տրանսֆերտները երկու տարիների ընթացքում՝ 2014-2015 թթ-ին, կրճատվել է շուրջ 700 մլն դոլարով, իսկ 2016թ-ին սպասվում է, որ կկրճատվի շուրջ 140 մլն դոլարով»,- նշեց Վարդան Արամյանը:
Նրա խոսքերով՝ այս դեպքում եթե կառավարությունը հակազդող քայլեր չձեռնարկեր, ապա կունենայինք բացասական տնտեսական աճ:
Դրա համար, ըստ ֆինանսների նախարարի, վերջին երկու տարիներին հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է ընդլայնողական: Դա նշանակում է, որ ավելի շատ ծախս է կատարվել, և դեֆիցիտի հաշվին ավելի շատ գումար է ներարկվել տնտեսություն, որպեսզի փոխհատուցեն արտաքին աշխարհից կրճատվող արտարժութային հոսքերը: «Դա հանգեցրել է նրան, որ 2015 թվականին ՀՆԱ նկատմամբ բյուջեի պակասուրդը կազմել է 4,8 տոկոս, իսկ 2016-ի արդյունքներով 5,9-6 տոկոս է ակնկալվում»,- նշեց Վարդան Արամյանը:
Ըստ նրա՝ մեծ պակասուրդ ունենալու դեպքում պետք է նույն չափով էլ պարտք վերցնեն. «Մեր պարտքը 2014, 2015, 2016 թվականներին մոտավորապես 900 միլիոն դոլարով աճում է: Դա գրեթե նույնքան է, ինչքան որ կրճատում ունեցել ենք տրանսֆերտների մասով: Սա է եղել պատճառը, որ ունեցել ենք պարտքի բարձր մակարդակ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան