Աղիքային ինֆեկցիաների առումով այս տարի իրավիճակը համեմատաբար հանգիստ է. մասնագետ
Աղիքային ինֆեկցիաների առումով այս տարի իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը:
Նրա խոսքերով՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ այս տարվա սեպտեմբերին աղիքային ինֆեկցիայի դեպքերը նվազել են 1,7 անգամ, իսկ օգոստոսին՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 1,14 անգամ:
Լիլիթ Ավետիսյանը նշեց, որ ոչ միշտ է հիվանդանոց ընդունվածների մոտ հաստատվում աղիքային ինֆեկցիան:
«Օրինակ՝ հիվանդանոց են ընդունվում աղիքային ինֆեկցիայի նախնական ախտորոշումով, սակայն հետազոտություններից հետո պարզվում է, որ սուր-շնչառական վարակ է՝ աղիքային ինֆեկցիային բնորոշ ախտանիշներով: Այսինքն՝ կարող է փոխվել հիվանդության ախտորոշումը»,- ասաց Լիլիթ Ավետիսյանը:
Ըստ նրա՝ ամեն եղանակին բնորոշ հիվանդություններ կան` կապված սեզոնային վիրուսների հետ: Ամառային տաք սեզոնին բնորոշ են աղիքային ինֆեկցիաները, որոնց հարուցիչներն այդ եղանակին ավելի լավ են բազմանում ու զարգանում: Մասնագետի խոսքերով՝ ամառվա սեզոնին աղիքային ինֆեկցիաների ավելացման պատճառը նաև առանց ջերմային մշակման օգտագործվող սննդամթերքն է, օրինակ՝ միրգն ու բանջարեղենը։ Նման դեպքերից խուսափելու համար նա մեկ անգամ հիշեցնում է՝ մանրամասն լվանալ միրգն ու բանջարեղենը՝ հոսող , խմելու համար նախատեսված ջրով, մշտապես լավ լվանալ ձեռքերը, հատկապես, երբ գործ ունենք երեխաների հետ:
Աղիքային վարակիչ հիվանդություններով չհիվանդանալու համար մասնագետը նաև խորհուրդ է տալիս՝ սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը, բացառել հում և պատրաստի սննդամթերքի համատեղ պահպանումը սառնարանում, սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի (կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն և այլն) փոփոխության դեպքում այն չօգտագործել:
Իսկ երբ արդեն ախտանշաններ կան՝ սրտխառնոց, փսխում, բարձր ջերմություն, նա խորհուրդ է տալիս անհապաղ դիմել բժշկի և ինքնաբուժությամբ չզբաղվել։
Եթե տանն էլ կա աղիքային վարակիչ հիվանդությամբ չհոսպիտալացված հիվանդ, ապա անհրաժեշտ է հիվանդի սպասքը և մյուս պարագաներն առանձնացնել և ախտահանել (եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ախտահանիչ լուծույթի մեջ), խստորեն պահպանել անձնական հիգիենայի կանոնները, բնակարանում բոլոր մակերեսները սրբել ախտահանիչ լուծույթում թրջված լաթով, հիվանդի ներքնահագուստը և անկողնային սպիտակեղենը լվանալուց առաջ եռացնել 15 րոպե կամ 60 րոպե ընկղմել ախտահանիչ լուծույթի մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա