Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսը ներկայավել է Կահիրեում
Պատանի հանդիսատեսի թատրոնը մասնակցել է Կահիրեի ժամանակակից և փորձարարական ներկայացումների 23-րդ միջազգային թատերական փառատոնին՝ ներկայացնելով Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Պատանի հանդիսատեսի թատրոնից:
Հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել հայ դերասանների խաղը: Բարձր գնահատականի է արժանացել Հ. Ղազանչյանի ռեժիսորական մտահղացումը: Ներկայացմանը ներկա է եղել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը: Վերջինիս ջանքերի շնորհիվ «Մերսեդես»-ը ցուցադրվել է նաև տեղի հայկական մշակութային կենտրոնում՝ հայ համայնքի ներկայացուցիչների համար:
Նշենք, որ Կահիրեի ժամանակակից և փորձարարական ներկայացումների 23-րդ միջազգային թատերական փառատոնին այս տարի ցուցադրվել է 29 ներկայացում՝ 13 երկրից: