Վանաձորում մեր քվեները կգնան ընդդիմությանը. ԲՀԿ նախագահ
Վանաձորի ավագանիում «Բարգավաճ Հայաստանը» սատարելու է միասնական ընդդիմության կոնսոլիդացված լուծմանը։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք՝ Վանաձորի ավագանու անդամի ընտրություններում ստացած ձայների քանակով երկրորդ տեղը զբաղեցրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երեկ առաջարկել էր երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրած համապատասխանաբար՝ «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին միավորվել և ՀՀԿ-ին դարձնել ընդդիմություն Վանաձորի ավագանիում։ Առայժմ բանակցություններն այդ ուղղությամբ ընթանում են։
«Վանաձորում հիմնական բանակցությունները պետք է գնան «Լուսավոր Հայաստանի» և «Հայկական վերածնունդի» միջև։ Ինչ հանգուցալուծման որ իրենք կգան, ԲՀԿ-ն պատրաստ կլինի սատարել միասնական ընդդիմության կոնսոլիդացված լուծմանը։ Եթե անգամ մենք հիմա միանանք «Լուսավոր Հայաստանին» կամ ՀՎԿ-ին, միևնույնն է անհրաժեշտ քվե չի ապահովելու քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար։ Հիմնական բանակցությունները այս պահին պետք է տանեն «Լուսավոր Հայաստանն» ու «Հայկական վերածնունդը։ Մեկ բան հստակ է՝ Վանաձորում մեր ստացած երեք քվեները կգնան ընդդիմությանը», -հայտարարեց Զոհրաբյանը։
Նշենք, որ ընտրությունների արդյունքներով, Հանրապետական կուսակցությունը ստացել է 13 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»՝ 10 մանդատ, «Հայկական վերածնունդը»՝ 5 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3 մանդատ, իսկ ՀՅԴ-ն՝ 2 մանդատ։
Հարակից հրապարակումներ`
- Երեք կուսակցություններ Վանաձորում կարող են ՀՀԿ-ին դարձնել ընդդիմադիր ուժ. Մարուքյան
- Վանաձորի ավագանիում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա կկազմեն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան