Հուսով եմ՝ նոր կառավարությունը կարձանագրի դրական տեղաշարժ հանրային կյանքի բոլոր ոլորտներում. ԱԺ փոխնախագահ
Սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո Հայաստանում ձևավորվել է մի իրավիճակ, որը պահանջում է խաղի նոր կանոններ,- ԱԺ հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Վերջին զարգացումներն ակնառու դարձրեցին բարեփոխումներից բխող համակարգային, լայնածավալ փոփոխությունների անհրաժեշտությունը: Այլևս ձևավորված է նոր կառավարություն, որը, հուսով եմ, կներկայացնի այնպիսի հավակնոտ ծրագրեր, որոնց իրականացումը հնարավորություն կտա արձանագրել դրական տեղաշարժ հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Դա լինելու է երկարատև գործընթաց, և իշխանությունն անելու է հնարավորը դրական արդյունքների ապահովման ուղղությամբ»,- ասաց նա:
Օրերս Հայաստանի շուրջ 400 համայնքում տեղի ունեցան ընտրություններ:
«Գյումրիում և Վանաձորում այդ ընտրություններն առաջին անգամ ընթացան կուսակցական ցուցակներով: Մի բան ակնհայտ է՝ ընտրությունները մրցակցային էին, իսկ արդյունքները՝ հիմնականում սպասելի: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում խորհրդարանական համակարգին անցումը կայացած փաստ է, որտեղ առաջնային են դառնում ոչ թե անձերի միջև բախումները, այլ կուսակցությունների դերն ու նրանց միջև առկա ազատ մրցակցությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ ընտրության արդյունքներով արձանագրվեց, որ Հանրապետականը շարունակում է մնալ քաղաքական դաշտի առանցքային և ամենաազդեցիկ խաղացողը, իսկ ընդդիմադիր դաշտում ի հայտ եկան նոր ֆավորիտներ:
«Այս ամենը հույս է ներշնչում, որ քաղաքական ապագա գործընթացները կընթանան քաղաքական մշակույթի և ազնիվ մրցապայքարի կանոններով, քանի որ դա է մեր քաղաքացիների շահերից բխող միակ ճշմարիտ ուղին»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին