ԱՄՆ-ը դադարեցնում է երկկողմանի համագործակցությունը Ռուսաստանի և Սիրիայի հետ
ԱՄՆ-ի արտաքին գործերի գերատեսչությունում Ռուսաստանի ու Սիրիայի հետ բանակցություններից հրաժարվելու մասին որոշումը պատճառաբանում են նրանով, որ Ռուսաստանը ընդունակ չէ հավատարիմ մնալ ձեռք բերված համաձայնություններին և կատարել իր ստանձնած պարտավորություները:
Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ հոկտեմբերի 3-ին հայտարարվել է Պետդեպում:
Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիբրին Ռուսաստանի և Սիրիայի հետ կապերի խզումը որակել է որպես դժվար կայացված որոշում:
«Ռուսաստանը չի ուզում, կամ չի կարող, համոզել Սիրիայում իշխող ռեժիմին կատարել այն պարտավորությունները, որոնց համաձայնել է պաշտոնական Մոսկվան: Վաշինգտոնի կարծիքով՝ Կրեմլն ու Դամասկոսը որոշել են շարունակել «ռազմական կուրսը», որը հակասում է կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությանը: Այդ մասին են վկայում խաղաղ բնակավայրերի ու հիվանդանոցների ուղղությամբ իրականացվող հարձակումները, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ի հարձակումը ՄԱԿ-ի հումանիտար օգնության ավտոշարասյան վրա»,-հայտարարել է Կիբրին:
Միացյալ Նահանգները պատրաստվում են նաև հետ կանչել Սիրիայում գտնվող ամերիկյան անձնակազմը, որն ուղարկվել է այնտեղ ռուս-ամերիկյան համակարգող կենտրոնի աշխատանքներին մասնակցելու համար:
Կրեմլում ափսոսանք են հայտնել Սպիտակ տան որոշման կապակցությամբ: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի մեկնաբանությամբ՝ ԱՄՆ-ն չի կարողացել կատարել իր վրա դրված պարտավորությունները և հիմա զբաղված է պատասխանատվությունը Ռուսաստանի վրա բարդելու գործով: Նա հավելել է, որ անցած օրերին Ռուսաստանը ջանքեր է գործադրել ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պարտավորությունները կատարելու ուղղությամբ: