Մինչև ո՞ւր կկրճատվեն Ադրբեջանի ռազմական ծախսերը
Ադրբեջանական մամուլում օրեր առաջ տեղեկատվություն տարածվեց 2017թ-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ, որի համաձայն` Ադրբեջանը 2017թ-ին նախատեսում է վերջին 9 տարիների ամենաքիչ ռազմական ծախսերը կատարել:
Պետական բյուջեի ծրագրով պաշտպանությանը նախնական կտրամադրվի 1 մրդ 615 մլն 359 հազար մանաթ, որը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 1 մլրդ դոլար:
Դատելով նախորդ տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ծախսերի վերաբերյալ SIPRI հրապարակած ցուցանիշներից և մամուլի հրապարակումների` Ադրբեջանն իր ռազմական ծախսերը սկսել է կրճատել դեռ 2014թ-ից, երբ նավթի գինը սկսեց անկում ապրել:
Մասնավորապես` 2015թ-ին ուժային կառույցների համար Ադրբեջանը նախատեսում էր ծախսել 2,116 մլրդ դոլար, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով այդ գումարը կրճատվեց և հատկացվեց ընդամենը 1,7 մլրդ դոլար: Սակայն այդ գումարից վերջնական հաշվով միայն 1,206 մլրդ դոլարը ծախսվեց զուտ բանակի վրա: 2013թ-ի համեմատությամբ 2015թ-ին փաստացի ռազմական ծախսերը կրճատվեցին 2 անգամ:
Արդեն 2017թ-ի բյուջեի նախագծով նախատեսվող ծախսերն ընթացիկ տարվա ռազմական ծախսերի համեմատությամբ կրճատվելու են գրեթե կիսով չափ` 44%-ով: Սակայն պետք է նկատի ունենալ, որ այս հաշվարկները մոտավոր են, քանի որ կապված մանաթի խիստ անկայուն կուրսի և վերջին տարիների շոշափելի արժեզրկման հետ, հնարավոր չէ արտարժույթով ճշգրիտ հաշվարկել 2015-2016թթ-ի ընթացքում կատարած իրական ծախսերը:
Ներկայացված գծագրից հասկանալի է դառնում, որ եթե 2013թ-ին Ադրբեջանի ռազմական ծախսերը Հայաստանի ռազմական ծախսերին գերազանցում էին գրեթե 7 անգամ, ապա 2017թ-ին այդ հարաբերակցությունը լինելու է ընդամենը 2 անգամ:
Ռազմական ծախսերի նման ծավալի կրճատումը Ադրբեջանի կողմից կարող է պայմանավորված լինել ինչպես տնտեսական խնդիրներով, այնպես էլ քաղաքական դրդապատճառներով: Վերջինս կարող է բացատրվել ապրիլյան պատերազմում այդքան չարչրկված ադրբեջանական «ռազմական մեքենայի» փաստացի անհաջողությամբ և այն գիտակցության ամրապնդմամբ, որ նախորդ տարիների ռազմական ծախսերի ուռճացումը չի կարող հաջողության գրավական լինել:
Ի հավելումն կարող ենք նշել, որ վերանայված գնահատականների համաձայն` 2016թ-ին Ադրբեջանում կանխատեսվում է 2,5% տնտեսական անկում` ավելի վաղ կանխատեսվող 1% անկման փոխարեն: Բացի դրանից` ԱԶԲ-ի կանխատեսումներով Ադրբեջանում ինֆլյացիայի մակարդակը 2016թ-ին կկազմի ավելի քան 12%: Այս ցուցանիշների համադրությունը խոսում է այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից նախագծված բյուջեն մյուս տարվա ընթացքում կարող է նոր շոշափելի փոփոխությունների ենթարկվել, ինչի արդյունքում հնարավոր է հավելյալ կրճատումների ենթարկվեն հենց ռազմական ծախսերը` ինչպես դա արդեն պատահել է 2015թ-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին