«Թատերական Լոռի» միջազգային փառատոնը մեկնարկում է
ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ և Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքներում հոկտեմբերի 4-13-ը, կանցկացվի «Թատերական Լոռի» միջազգային 23-րդ փառատոնը, որը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, ժամը 17:00-ին, Ալավերդի քաղաքի մշակույթի կենտրոնում:
ՀՀ մշակույթի նախարարության փոխանցմամբ՝ այս տարի փառատոնին մասնակցում է 14 թատերական խումբ` Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Հյուսիսային Օսեթիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից:
Փառատոնի խաղացանկում ընդգրկված 17 բեմադրությունները, շուրջ 30 անգամ կներկայացվեն վերը նշված քաղաքներում: Փառատոնի շրջանակում կանցկացվի նաև «Ռուսական թատրոնի օրեր» ծրագիրը, որին կմասնակցեն Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան, Վլադիկավկազի Վախթանգովի անվան ռուսական ակադեմիական, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան, Մոսկվայի «Սոբիտիե» թատրոնները: Հայաստանից փառատոնին կմասնակցեն Երևանի Հ. Պարոնյանի անվան, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի, Սոս Սարգսյանի անվան Համազգային, Պատանի հանդիսատեսի, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական, Ալավերդու քաղաքային թատրոնները:
«Թատերական Լոռին» հիմնադրվել է 1979 թվականին` որպես ժողովրդական թատրոնների փառատոն: 2006 թվականից այն պրոֆեսիոնալ թատրոնների փառատոն էր, 2008 թվականից անցկացվում է որպես միջազգային փառատոն: