Հայկական դեղագործության ոլորտը ներկայացված է Իսպանիայի խոշորագույն ցուցահանդեսում
Հայկական 7 ընկերություններ հոկտեմբերի 4-6-ը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մեկ միասնական տաղավարով «CPhI Worldwide2016» միջազգային ցուցահանդեսին ներկայացնում են երկրի դեղագործական ոլորտի ձեռքբերումները՝ տեղական արտադրության դեղահաբեր, կապսուլներ, օշարակներ, կաթիլներ, բուսական թուրմեր, ներերակային ներարկման լուծույթներ և հետազոտական ծառայություններ:
Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից հայտնում են, որ «CPhI Worldwide»-ը դեղագործական միջազգային ցուցահանդես է, որը ոլորտի համաշխարհային մասշտաբի ամենամյա միջոցառումներից մեկն է: Ցուցահանդեսին տարեկան մասնակցում է շուրջ 2500 դեղագործական կազմակերպություն՝ ավելի քան 150 երկրից, և այցելում են շուրջ 36 000 դեղագործության ոլորտի մասնագետներ, դիստրիբյուտորներ, խոշոր գնորդներ:
«Միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել ենք հիմնականում եվրոպական շուկայում հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման և նրանց համար նոր գործարար կապերի հնարավորություն ստեղծելու նպատակով»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:
Հայաստանի զարգացման հիմնադրամը «Արմեն Ֆարմ», «Արփիմեդ», «Բիո-Քիմ», «Դարմանտեստ», «Էսկո-Ֆարմ», «Լիկվոր», «Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին ապահովել է ՀՀ Կառավարության՝ արտահանմանն ուղղված 2016 թ. միջոցառումների շրջանակում: