Կանցկացվի «Բրյուսովյան ընթերցումներ» խորագրով 15-րդ միջազգային գիտաժողովը
Հոկտեմբերի 6-8-ը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կանցկացվի «Բրյուսովյան ընթերցումներ» խորագրով 15-րդ միջազգային գիտաժողովը, որը նվիրվում է «Հայաստանի պոեզիա. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ժողովածուի հրատարակման 100-ամյակին: Գիտաժողովի ընթացքում տեղի կունենա անթոլոգիայի ֆաքսիմիլե հրատարակության հայաստանյան շնորհանդեսը: Նշենք, որ գիրքը հրատարակվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվերով, և շնորհանդեսը վերջերս կայացել է Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսում: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:
Գիտաժողովը կազմակերպել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գիտության պետական կոմիտեի», Երևանում գործող Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի, ԵՊԼՀ շրջանավարտների միավորման, Ռուսաստանի հայերի միության և «Անտարես» հոլդինգի աջակցությամբ:
«Բրյուսովյան ընթերցումներ» խորագրով միջազգային գիտաժողովին կմասնակցեն գիտնականներ` Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից, Լեհաստանից, Ճապոնիայից: Գիտաժողովի շրջանակում կկայանա նաև «Բրյուսովյան գիտական կենտրոնի» կայքի շնորհանդեսը, կկազմակերպվեն էքսկուրսիաներ, որոնց ընթացքում մասնակիցները կայցելեն Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Օշական:
«Բրյուսովյան ընթերցումներ» ծրագիրն անցկացվում է հոբելյանական տարեթվերի առթիվ` ավելի քան 50 տարի: 1962 թվականին առաջին «ընթերցումների» կայանալուց ի վեր` գիտաժողովն անցկացվել է նաև Հայաստանում, որտեղ գործում է բրյուսովագիտության կենտրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան