Առողջապահության նորանշանակ նախարարի ծրագիրը նախկինից կտարբերվի թափանցիկությամբ և արդյունավետությամբ
Առողջապահության նախարարությունը առաջիկա օրերին կառավարությանը կներկայացնի իր ծրագիրը,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը:
Ըստ նրա, ծրագրում կարևորվելու են ոլորտի թվայնացումը և մասնագիտական ունակությունների բարձրացումը. «Եվ թվայնացումն է կոնկրետ քայլ, և մասնագիտական ունակությունների բարձրացումը, բոլորն էլ կոնկրետ քայլեր են և դա մի ամբողջական ծրագիր է»:
«Նախորդ ծրագրից այն կտարբերվի թափանցիկությամբ և արդյունավետությամբ», - ընդգծեց Լ.Ալթունյանը:
Հարցին, թե ինչո՞վ թափանցիկ և արդյունավետ չէր նախորդ նախարարի ծրագիրը, Լևոն Ալթունյանը նախ ասաց, որ չի կարող այդ հարցին պատասխանել, ապա հավելեց. «Այնքանով, որ դուք այսօր դժգոհ եք»:
Պատասխանելով հարցին, թե ձեր կարծիքով հանրությունն այս տարիներին դժգո՞հ է եղել առողջապահության ոլորտից, նախարարը կարճ պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»:
Հարցին, թե այդ պատճառո՞վ նախարարը փոխվեց, Լ. Ալթունյանն ասաց, որ պատճառների մասին տեղյակ չէ: