Պայմանավորվել էինք, չէ՞, անկեղծ խոսել. Կարեն Կարապետյան
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Շահմուրադյանը հարց ուղղեց վարչապետին՝ ասելով, թե նա հայտարարել է, որ պետական համակարգում պետք է ընդգրկվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչը ողջունելի է:
«Բայց այդ մարդիկ հիմնականում աշխատում են մասնավոր հատվածում՝ ստանալով բարձր աշխատավարձ: Այդ դեպքում ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում հրապուրել մասնավոր հատվածում առավել բարձր աշխատավարձով աշխատող պրոֆեսիոնալ կադրերին և նրանց բերել պետական համակարգ»,- հարցրեց պատգամավորը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Պայմանավորվել էինք, չէ՞, անկեղծ խոսել: Չգիտեմ, իրոք՝ չգիտեմ: Պետք է մեջներից ընտրենք այն մարդկանց, ովքեր միսիա են տեսնում: Եւ այս պահին խոսել պետական ծառայողի աշխատավարձի բարձրացման մասին, երբ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան՝ ճիշտ չի լինի»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ վաղ թե ուշ այդ հարցին անդրադառնալու են:
«Հակառակ դեպքում, մենք չենք ունենալու որակյալ կառավարիչներ, դա իրականում խնդիր է», - ասաց վարչապետը: