1990 թվականից ﬕնչ օրս Հայաստանում 500 գրադարան է փակվել
«Համայնքային գրադարանները գտնվում են անհուսալի ու խեղճ վիճակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն Հասﬕկ Ղազարյանը՝ մանրամասնելով, որ վատ են գրադարանային պայմանները, շենքերը վերանորոգված չեն, գրքերի պահպանման խնդիր է առաջանում, գրադարանները տարիներով չեն համալրվում:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանում 1990 թվականից ﬕնչ օրս փակվել է 500 գրադարան, որոնք հիﬓականում համայնքային գրադարաններն են. «Նախկինում հանրապետությունում հաշվառվել է 1315 գրադարան: Երբ 1996 թվականից գրադարանները հանձնվեցին համայնքային կառույցներին, դրանց թիվը տարեցտարի սկսեց նվազել»:
Հասﬕկ Ղազարյանի խոսքով՝ գրադարանների պահպանման հարցը տեղական ինքնակառավարման մարﬕնների պատասխանատվության ներքո է, իսկ փորձը ցույց է տալիս, որ դա չի արդարացնում, տեղական մարﬕնները չեն կարողանում գրադարանները պահել. «Դա ﬕայն ֆինանսականի հետ կապված չէ: Մենք ունենք հրաշալի օրինակներ, երբ համայնքներում գրադարանները գործում են ու լավ վիճակում են: Բոլոր համայնքների ղեկավարները չեն, որ ի վիճակի են գնահատել գրադարանի դերը»:
Ազգային գրադարանի փոխտնօրենը նշեց, որ ընթերցողի պակաս ևս կա, բայց եթե գրադարանը չի համալրվում, հետևաբար ընթերցողների թիվը կնվազի. «Ազգային գրադարանը փորձում է իր ﬕջոցներով օգնել համայնքային գրադարաններին: Մարզային այցելություններ են կատարում, գրքեր են նվիրաբերում, վերապատրաստման դասընթացներ են անցկացնում գրադարանավարների համար»:
Նշենք, որ 2004 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ամեն տարի հոկտեմբերի 7-ին նշվում է Գրադարանավարի օրը: