Սոցփաթեթի որևէ բաղադրիչ չի կասեցվել՝ 2017թ-ին շարունակելու են գործել
2017 թվականին շարունակելու են գործել սոցփաթեթում առկա 4 ուղղությունները: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Սոցիալական փաթեթում առկա չորս բաղադրիչներից որևէ մեկը կասեցված չէ: Այս պահին գործող կարգով, որը հաստատված է կառավարության որոշմամբ, սոցփաթեթի բաղադրիչում որևէ փոփոխություն նախատեսված չէ և այն ուղղությունները, որոնք այսօր նախատեսված են կառավարության գործող որոշմամբ՝ դրանք շարունակում են գործել»,- հավելեց նախարարը:
Հիշեցնենք, որ սոցիալական փաթեթն իր մեջ պարունակում է 4 ուղղությունն՝ բժշկական ապահովագրություն, հանգիստ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում, ուսման վարձի վճարում և հիփոթեքային վարկի տոկոսների մարում:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ այս բոլոր ուղղությունները գործում են ինչպես աշխատողների, այնպես էլ աշխատանքից ազատված անձանց համար, որոնք իրավունք ունեն տնօրինել իրենց հատուկ հաշվում փոխանցված գումարները և ծախսել այդ 4 ուղղություններով:
Ինչ վերաբերում է կանխիկացմանը, ապա ըստ նախարարի, դա ևս կարգով սահմանված է:
«Կանխիկացում կարող է իրականացնել, եթե աշխատողն աշխատանքից ազատվում է կամ կենսաթոշակի անցնում»,- ասաց նա:
Բացի այդ, սոցփաթեթի շահառուն յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ իր սոցիալական փաթեթի հաշվում առկա գումարը կարող է կանխիկացնել:
Արտեմ Ասատրյանը նաև հայտնեց, որ 2017թ-ի պետական բյուջեի նախագծով սոցիալական փաթեթի համար նախատեսված գումարները պահպանվել են նույն չափով, որքան 2016 թ-ին էր:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հուլիսի 7-ի նիստի ընթացքում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել էր սոցիալական փաթեթի հանգստի ոլորտում չարաշահումներին և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին լրամշակել սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը՝ նվազագույնի հասցնելով բոլոր հնարավոր չարաշահումները