Նախարար. Կառավարությունը երբևէ չի քննարկել «Երևան-ՋԷԿ»-ի օտարման հարցը որևէ պարտքի դիմաց
Այս պահին «Երևան ՋԷԿ»-ի պարտքը «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ին կազմում է 35 միլիոն դոլար: Հուլիսի 1-ի դրությամբ պարտքը կազմել էր 52,3 միլիոն դոլար, այսինքն՝ արդեն 17 միլիոն 300 հազար դոլար մարվել է,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին, թե ինչքա՞ն է կազմում «Երևան-ՋԷԿ»-ի պարտքը «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը, ինչպե՞ս է մարվելու այդ գումարը և ինչի՞ց է առաջացել պարտքը:
Ըստ նախարարի ներկայացման՝ պարտքն առաջացել է օգտագործված բնական գազի դիմաց չվճարումների արդյունքում:
Ա.Մանուկյանն ընդգծեց, որ երբևէ կառավարությունը չի քննարկել, չի քննարկում, առաջիկայում չի քննարկելու «Երևան-ՋԷԿ»-ի օտարման հարցն որևէ պարտքի դիմաց:
««Գազպրոմ-Արմենիա»-ի հետ ընթացել են քննարկումները, շարունակվում են քննարկումները գույքով նշված գումարը փակելու ընդամենը հնարավորության վերաբերյալ»,- ասաց նախարարը:
Ի՞նչ գույքի մասին է խոսքը:
Ա.Մանուկյանի խոսքով՝ 1990-ական թվականների կեսերին կառուցվել էին համայնքային նշանակության գազաբաշխիչ ցանցեր, խողովակներ, որոնք մնացին մինչև 2000-ականների կեսերը: Այնուհետև, ըստ նախարարի, այդ ցանցերը, խողովակները հանձնվել էին էներգետիկայի նախարարության հաշվեկշիռ, ապա տեղափոխվել «Երևան-ՋԷԿ»-ի հաշվեկշիռ:
«Հենց այդ գազաբաշխիչ ցանցերի ու խողովակների մասին է խոսքը»,- հավելեց Ա.Մանուկյանը: